Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահն իր նստավայրում ընդունել է Կարեն Կարապետյանին


Պաշտոնական
Պաշտոնական

Պաշտոնական այցով Աշխաբադում գտնվող՝ վարչապետ Կարեն Կարապետյանին նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում այսօր ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Թուրքմենստանի նախագահը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում՝ նշել է, թե վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով:

«Թուրքմենստանը շահագրգռված է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ ուղղված փոխշահավետ նախագծերի ու ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում: Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում: Պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները»,- մասնավորապես, ասել է Թուրքմենստանի նախագահը:

Կարեն Կարապետյանն, իր հերթին, նշել է․ «Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»:

Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում է ունեցել նաև Թուրքմենստանի կառավարության անդամների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG