Մատչելիության հղումներ

«ՀՀԿ-ի կասեցման հարցը պետք է դնել, և մենք ցույց ենք տալիս, թե ինչ ճանապարհով». Զուրաբյան


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան, արխիվ

ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման թեմայով «Ազատություն»-ը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը պահանջում է կրթության և գիտության նախարարի հրաժարականը։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) որպեսզի կասեցնի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մասնակցությունը ընտրություններին։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կմիանա՞ այս նախաձեռնությանը։

Զուրաբյան. - Իհարկե, մենք կարծում ենք, որ պետք է դնել կասեցման հարցը, ուղղակի պետք է դա հիմնավորել, և մենք հիմնավորման ճանապարհը տալիս ենք՝ մենք ասում ենք, որ պետք է վարույթ հարուցվի առաջին հերթին դատախազության կողմից, այդ բոլոր դեպքերը հետաքննվեն և արդեն դրա հիման վրա կասեցվի ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրություններին։ Որովհետև հիմա առանց դատախազության տրամադրված նյութերի այդ կասեցման հարցն ուղղակի չի կարողանա լուծվի, դրա համար մենք գնում ենք փուլային տարբերակով, այսպես ասած, և համարում ենք, որ առաջին գործը, որ հիմա պետք է անել, դա բոլոր այդ փաստերն ուսումնասիրել, որ դա նաև իրավական առումով օգտագործելի լինի, որովհետև հիմա այդ ձայնագրությունները չեն կարող օգտագործվել, զուտ Վարչական օրենսգրքի առումով, կասեցման համար, իսկ, եթե այդ էտապն անցնի, արդեն կարող են։ Դրա համար մենք ճիշտ իրավաբանական ճանապարհով ենք գնում, բայց այս ընթացքում, մինչև այս ամբողջ գործընթացն իրականանա, արդեն քաղաքական պատասխանատվության խնդիրը դնում ենք, ասում ենք, որ պետք է կրթության և գիտության նախարարը, ում կառավարման տիրույթում են գտնվում այդ դպրոցները, հրաժարական տա, ընդամենը սա է։

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, կրթության նախարարը դաշնակցական է, տնօրենները աշխատում էին հանրապետականների համար...

Զուրաբյան. - Բայց դրանք մի մեխանիզմ են, իսկ ո՞վ ասաց, որ մենք տարանջատում ենք իրենց, դա մի օրգանիզմ է և այդ օրգանիզմի մեջ միայն Հանրապետականն ու Դաշնակցությունը չենք։ Մենք ուղղակի միայն իրենց ենք թիրախավորում, որովհետև ֆորմալ առումով իրենք են իշխանական կոալիցիա, կոնկրետ իշխանական կոալիցիան ունի նախարար, անկախ նրանից՝ նա հանրապետական է, թե՝ դաշնակցական, ինքը պետք է այս պահին քաղաքական պատասխանատվություն կրի։ Բայց, նորից եմ ասում, այո՛, Հանրապետականի կասեցման հարցը պետք է դնել, և մենք ցույց ենք տալիս թե ինչ ճանապարհով է պետք դա անել։

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, մեկ շաբաթ է ընդամենը մնում քարոզարշավի ավարտին, կասեցման հարցով ժամանակի մեջ կտեղավորվե՞ք։

Զուրաբյան. - Մենք որոշողը չենք, մենք պահանջների ներկայացնողն ենք և փաստերի ներկայացնողն ենք։ Իրականում, եթե մենք ունենայինք նորմալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Գլխավոր դատախազություն այդ հարցը մի քանի օրվա մեջ հնարավոր էր լուծել, բայց, եթե այդ հարցը չլուծվի, դրա պատասխանատվությունը կրելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և դատախազությունը։

«Ազատություն». - Միանշանակ այդ պահանջին միանալու եք։

Զուրաբյան. - Մենք արդեն միացել ենք, մենք, ըստ էության, նույն գործընթացն ենք անում, ոչ թե մենք միացել ենք, մենք ճիշտ ուղղությամբ սկսել ենք գործընթացը։ Այնպես չի, որ ինչ-որ քաղաքական ուժ դնում է այդ հարցը, մենք պետք է միանանք, մենք ենք դնում այդ հարցը։

Հիշեցնենք, օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ուսումնասիրություն էր հրապարակել՝ հայտարարելով, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը նաև ներկայացրել էր տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG