Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյան․ Ոչ թե ծրագրեր, այլ խիղճ ունեցողին է պետք ընտրել


Վարդան Ղուկասյան, արխիվ

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի տարածքային թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում է՝ հնգամյա դադարից հետո դասեր քաղած է վերադառնում քաղաքականություն։

Նախկին քաղաքապետը, հիշեցնենք, խորհրդարանի նախորդ ընտրություններին իշխող Հանրապետականի (ՀՀԿ) համամասնական ցուցակի 71-րդ համարն էր, նաև՝ կուսակցության մարզային նախընտրական շտաբի պետը:

«Հինգ տարվա դադարը ինձ շատ բան տվեց: Այո, շատ դասեր քաղեցի, շատ մարդկանց ճանաչեցի, մարդկային կեղտոտությունը հասկացա ավելի խորը, երկերեսանությունը, քծնանքը, և էդ ամեն ինչը ինչքան գիտեի: Ես ապտակով սնված տղա եմ եղել, բայց մարդ եմ հիմա էլ, հասկանալի՞ է: Բայց էս հինգ տարիները ինձ ավելի շատ դաս տվեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանը:

Գյումրին 13 տարի ղեկավարած ու տարիներ շարունակ իշխող կուսակցությունը ներկայացրած Ղուկասյանն այժմ պնդում է, որ պետական կառույցների և ժողովրդի միջև անդունդ է առաջացել․ - «Էդ անդունը նրա պատճառով է, որ ժողովուրդը երբ որ ընտրություն է անում, խոստումներ են տալիս, դրանից հետո գնում են ոչ թե մտածում են, ոչ թե ծառայում են ի շահ ժողովրդի, այլ ծառայում են իրենց գրպանների և անձնականի համար: Անձնական «ես»-ը ընդհանուրի շահերից բարձր են դասում՝ ամենավատը դա է», - հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ազգային ժողովի վերջին ընտրություններում Գյումրիում հաղթել էր ՀՀԿ-ին շուրջ 12 հազար քվեի առավելությամբ: Հարցին՝ արդյոք այս հանգամանքը հաշվի առնելո՞վ է նախընտրել հենց «Ծառուկյան» դաշինքը, Ղուկասյանը պատասխանեց․ - «Էդպես ստացվեց, Աստված կամեցավ, որ հիմա ես գտնվեմ «Ծառուկյան» դաշինքի մեջ: Էստեղ ես, հավատացեք, ոչ ինչ-որ գնացել զբաղվել եմ, ոչ ինչ-որ մարդկանց եմ ուղարկել, ինչ-որ մի բան, ես իմ տեղը նստած՝ ստացվել է էդ ամեն ինչը, Տիրոջ ողորմածությամբ: Ես էդպես էլ ապրում եմ»:

Վարդան Ղուկասյանը տեղական հեռուստատեսությամբ ցուցադրում է դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ նկարահանված հոլովակները: Կարգախոսն անփոփոխ է՝ «Եվ հույս, և հավատ, և սեր»: «Չէ, կարգախոսս կյանքում էլ չեմ փոխի՝ և հավատք, և հույս, և սեր: Դրանից էն կողմ ինչ կա՞ որ էս աշխարհում՝ հավատամք առ Աստված, հույս, որ հույսը եթե մարդը կորցնում է, ասում է՝ նա մահ է ճաշակել մահից առաջ, իսկ եթե սերը չկա՝ ոչ մի բան չկա», - ասաց նա:

Պատգամավորի թեկնածուն իր հնարավորությունները բարձր է գնահատում: Ազգային ժողով անցնելու դեպքում առաջինը դաշինքի 15 կետերի իրականացումն է համարում, բայց, ասում է, հատկապես մտահոգված է արտագաղթով․ - «Ամենաթանկ բանը մարդ արարածն է: Էսօր ամբողջ աշխարհը հայ ազգին, էսպես, ոնց որ գողանում-տանում է, բայց մենք ի՞նչ ենք մտածում՝ մենք մտածում ենք՝ էս կտուրը վերանորոգենք, էն ասֆալտն անենք, ես չգիտեմ, էնտեղ մի հատ շենք կառուցենք․․․ Դրանք վերցնենք բերենք հլը ժողովրդին պահենք, արտագաղթը դադարեցնենք՝ համար առաջին խնդիրը դա է, համար առաջին խնդիրը, ես գտնում եմ՝ արտագաղթի դադարեցում: Երկրորդ և դրա հետ նորից առաջնային՝ բանակի խնդիրը»:

Կուսակցությունների ծրագրերին ծանոթացել է: Ղուկասյանի կարծիքով՝ բոլորն էլ ազգափրկիչ ծրագրեր են: Ասում է՝ ոչ թե ծրագրեր, այլ խիղճ ունեցողին է պետք ընտրել․ - «Ես կառաջարկեի էն մարդուն շատ տեղ տալ, որը խիղճ ունի, ազգ է սիրում և ողորմած մարդ է և գիտե, որ, ասենք, մեկն որ ասում է՝ «բալա՛ ջան, օգնե՛», այ էդ «բալա ջան»-ին սատարող մարդ է պետք»:

Ի դեպ, նախկին քաղաքապետը նկատում է՝ Երևանի Պետական և Բժշկական համալսարանների բյուջեն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի երկրորդ քաղաքի 3 միլիարդ դրամանոց բյուջեն: «Միայն Բժշկական համալսարանը, որը 6 հազար ուսանող կա և ավելին, ուրեմն, հանրապետական բյուջեից սնվում է 3 միլիարդ 670 միլիոն գումար է տրվում, իսկ ուսման վարձերը հավաքագրած՝ դառնում է 10-12 միլիարդ դրամ: 3 միլիարդ էլ Պետական համալսարանին է տրվում, և ուսման վարձերն էլ՝ նույնությամբ: Իսկ Գյումրու քաղաքապետարանը ստանում է 2 միլիարդ դրամ պետական բյուջեից», - ասաց Ղուկասյանը և շարունակեց․ - «Գոնե հիմա մի քիչ տարանջատում արեք, ավիրված էս քանդված գործարաններն էլ նույն հարկերն են մուծում, ոնց որ Երևանի գործարանները: Էստեղի բնակչությունը աշխատանք չունենալով՝ նույնը մուծում է, ոնց որ մեր Երևանինը: Բայց ամոթ չէ՞, որ մենք տարանջատում չենք անում, ի՞նչն է պատճառը, ինչի՞ մեզի չեք սիրում, ախր, ես ձեր հոգուն ղուրբան, մի քիչ խղճերդ թող բացվի, թող Աստված ձեր սրտերի մեջ գութ գցի»:

Վարդան Ղուկասյանի առաջադրվելուց հետո կանխատեսումներ եղան, թե ընտրապայքարը հատկապես Գյումրիում է՛լ ավելի լարված կդառնա: Նախկին քաղաքապետն ու նրա ընտանիքի անդամները նախկինում ներգրավված են եղել մի քանի աղմկահարույց և արյունալի միջադեպերում։

Մինչ այս պահը, համենայն դեպս, որևէ միջադեպ չի արձանագրվել: Ղուկասյանը թեկնածուներին հորդոր ուներ. - «Էստեղի էս ընտրվողներին էլ կոչ եմ անում, որ էն մնացածների, էսպես, խայծերը չուտենք, իրար հետ բան չանենք, բռունցքված լինենք, մեկին ուրիշ թև են տանում, մեկին՝ ուրիշ, հիմա էլ էդ դրանք քցեք ձեր ոտքերից, քցեք՝ բռունցքվենք, իրականը, ճշմարտությունը ներկայացնենք, որ մարդիկ հասկանան, որ իրոք էս վիճակի մեջ է»:

Խոսքն էլ ավարտեց ծնողների թողած պատգամով: «Օղորմածիկ հերս ու մերս ասում էին, թե՝ «բալա՛ ջան, հարամը կուգա՝ հալալը կուտանի»: Բերե՛ք հալալով ապրենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG