Մատչելիության հղումներ

«Մեծանա՝ կհասկանա»․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի մասին


Չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրիի նախկին քաղաքապետը, ֆեյսբուքյան էջում գրել է խորհրդարանական անցած ընտրություններում «Բարգավաճ Հայաստանից» մեծամասնական ընտրակարգով ընտրված Մարտուն Գրիգորյանը, նաև տեղեկացնելով, որ ընդունել է Հանրապետականի առաջարկը և անկուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան դաշինքի» կազմում նույն կարգով Շիրակից առաջադրվելու ծրագրեր ունի նաև Գյումրին 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը:

«Գագիկ Ծառուկյանի վերադարձից շատ ավելի անսպասելի էր նրա որոշումը կապված առաջիկա ընտրությունների հետ. ԲՀԿ մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկել ոչ ավելի, ոչ պակաս Գյումրու նախկին քաղաքապետին», - դժգոհությունը չի կարողացել զսպել Մարտուն Գրիգորյանն ու կոշտ քննադատության ենթարկել նախկին գործընկերներին․ - «Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012թթ իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի և այլ անհանդուրժելի երևույթների դեմ: Իմ նախկին կուսակցական թիմը ոգևորված էր և ողջունում էր իմ վճռականությունը, համարձակությունը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը, ու հիմա «Ծառուկյան» դաշինքը նման առաջադրում անելով ցույց է տալիս մեզ և գյումրեցիներին, որ այս պայքարն անտեղի, անարժեք մի բան է եղել, որ հանուն քաղաքական մանր շահերի կարելի է գնալ գյումրեցիներիս համար անհասկանալի քայլերի»:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախընտրեց չարձագանքել Մարտուն Գրիգորյանի գրառմանը:

«Ինքը այդպես է ասել, ես էլ այսպես եմ ասում՝ Աստված իրեն թող լավը տա, բարին տա, իմաստնություն տա, խելք ու շնորհք տա: Մեծանա՝ կհասկանա: Ես էդ ձևով չեմ պայքարի մեջ մտնում: Մարդկանց վրա լուտանքներ թափելով, ինչ-որ այդպիսի վատ խոսքեր, վատ բաներ․․․ ես այդ սկզբունքով չեմ առաջնորդվում, ես առաջնորդվում եմ իմ կատարած աշխատանքներով և ինչ պիտի անեմ», - հայտարարեց նախկին քաղաքապետը՝ շարունակելով․ - «Իսկ բոլորին՝ չարին և բարուն, ամենալավը․․․ աշխարհի տակ ինչքա՞ն լավ բան կա՝ բոլորը թող լինի Ձեզ, Դուք էլ ինձ ինչ վատ բան կա՝ ասեք, ես Ձեր ցավը տանեմ: Աստված ասում է՝ ցնծացեք և ուրախացեք»:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր շանսերը Մարտուն Գրիգորյանի դեմ, Վարդան Ղուկասյանը պատասխանեց՝ «դա ժողովուրդը կասի»:

«Ընդհանրապես ով որ ժամանակից շուտ է շտապում, միշտ աղջիկ է ունենում», - հավելեց նա, - «Համբերեք, ով համբերե՝ նա կեցցե: Ես տղա եմ ուզում ունենալ, դրա համար չեմ շտապում»:

«Լրագրողներն են մեղավոր»

Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի լարված հարաբերությունները տարիների պատմություն ունեն․ Գրիգորյանն ու Ղուկասյանը 2008-ին իրար դեմ են պայքարել Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար, հաղթել է Ղուկասյանը, իսկ 2012-ին՝ Ղուկասյանի քաղաքապետ աշխատելու ընթացքում անցկացված խորհրդարանական ընտրություններում, Գյումրիում Հանրապետականը պարտվել է «Բարգավաճ Հայաստանին»: Հիմա, փաստորեն, փոխատեղում է կատարվում․ նախկին ԲՀԿ-ականը ծրագրում է ընտրապայքարի գնալ Հանրապետականի հետ, նախկին ՀՀԿ-ականը՝ «Ծառուկյան» դաշինքի։

Ղուկասյանի ու Գրիգորյանի անունները կապվում էին նաև ծեծկռտուքների, Գյումրիում հնչած կրակոցների ու հաշվեհարդարների հետ: 2013-ին սպանությամբ ավարտված արյունալի մի միջադեպից հետո հանրապետության երկրորդ քաղաք այցելած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր՝ զոռբայություն այլևս Գյումրիում չի լինելու: Գյումրիում համարում էին, որ տեղի ունեցածը Վարդան Ղուկասյանի և Գյումրիից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի միջև եղած թշնամություն հերթական դրսևորումն էր:

Վարդան Ղուկասյանը իր և Մարտուն Գրիգորյանի տարիների թշնամանքի մեղավոր համարեց լրագրողներին:

«Այդպիսի բան չկար մեր մեջ, դա դիտավորյալ սարքել եք, որ կոնֆլիկտներ լինի։ Պրովոկացիաների չենք ենթարկվում: Այն ժամանակ սարքեցիք, բան արեցիք, հիմա էլ հոմ երեկվա երեխան չենք, ինչքա՞ն կուտ ուտենք», - մեզ հետ զրույցում հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետը:

«Ազատության» ճշտմանը՝ կրակոցներն էլ էի՞ն լրագրողները սարքել, Ղուկասյանը պատասխանեց․ - «Է՜, բա ո՞վ պիտի սարքի, էլ ով կա: Էդ բոլորը դուք եք սարքում»:

Նախկին քաղաքապետը նաև հայտարարեց, որ պատրաստ է շնորհավորել ընտրություններում հաղթողին, եթե անգամ դա Մարտուն Գրիգորյանը լինի:

«Բոլորին: Ով հաղթեց՝ կշնորհավորեմ: Եթե իրոք ժողովուրդը իրենց ընտրի, կեղծիք, ստորություն, վատ բաներ չանեն: Ով լեգիտիմ դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, ես անպայման իր ձեռքը կսեղմեմ և կհամբուրեմ», - վստահեցրեց Վարդան Ղուկասյանը:

Ի դեպ, այսօր Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանն է անդրադարձել նաև ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

«Յուրաքանչյուր ոք մեր երկրում անհրաժեշտ բարեփոխումները պատկերացնում է յուրովի։ Մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանը վստահ է, որ մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, պայքարը կոռուպցիայի դեմ և այլն, ինքը կարող է իրականացնել Հանրապետական կուսակցության հետ միասին, և մենք հարգանքով ենք վերաբերվում իր այդ որոշմանը», - նշել է ԲՀԿ խոսնակը՝ հավելելով․ - «Իսկ թե «Ծառուկյան դաշինքում» ո՞ր կուսակցություններն ու անհատ գործիչները կլինեն, դա, կարծում եմ, բացառապես մեր քաղաքական թիմի որոշելիքն է և այլոց զգայական գնահատականները բացարձակապես տեղին չեն»:

Էլիզբարյանը նաև հայտարարել է․ - «Քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը լինելու է մեր աշխատաոճը, ինչի կոչը անում ենք նաև մեր բոլոր նախկին և ներկա գործընկերներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG