Մատչելիության հղումներ

Նաղդալյան․ Ցուցակագրումը կազմակերպչական աշխատանք է


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

Ցուցակագրումը կազմակերպչական աշխատանք է, որ կատարում են բոլոր քաղաքական ուժերը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» հետազոտությանը, որի համաձայն՝ 100-ից ավելի ուսումնական հաստատությունների տնօրեններ իշխող ուժի օգտին ընտրողների ցուցակագրում են իրականացրել։ Հանրապետական Նաղդալյանի խոսքով, սակայն, դա չպետք է լինի վարչական ռեսուրս օգտագործելով կամ օրենք խախտելով։

ԱԺ փոխնախագահը վստահեցրեց՝ նոր Ընտրական օրենսգրքով այնպիսի մեխանիզմներ են ստեղծվել, որ նույնիսկ նրանք, ովքեր ցանկանան «արջի ծառայություն» մատուցել, չեն կարող։ «Այս երևույթը պարզապես փուչիկ է, անկախ նրանից՝ ով է այս փուչիկը փչում, անկախ նրանից՝ ով է ուզում այս գաղափարը օգտագործել: Կլինի որևէ հաստատության ղեկավար, որը ուզում է իր աշխատողներին այդպես խաբել, թե կլինի որևէ քաղաքական ուժ, որը ուզում է հանրային այլ կարծիք ձևավորել, բոլորը պիտի հասկանան՝ սա փուչիկ է, որը չի աշխատում», - հայտարարեց Նաղդալյանը: «Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբի իմ գործընկերները լուրջ ուսումնասիրել են ձայնագրությունները և համապատասխան հայտարարություն տարածել», - հավելեց նա:

Հայտարարության մեջ, հիշեցնենք, ասված էր, թե ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:

«Այն հայտարարությունը, որ տարածվել է Հանրապետական կուսակցության շտաբի կողմից, բոլորովին էլ ատպիսկա չի կամ ընդհանուր խոսքեր չեն, այլ կոնկրետ ուսումնասիրության հիման վրա արված հայտարարություն է», - պնդեց Հերմինե Նաղդալյանը:

Նա նաև անդրադարձավ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հետազոտությանը, համաձայն որի՝ իշխող կուսակցությունն առաջին տեղում է, և նրա օգտին քվեարկելու է ընտրողների 29․4 տոկոսը։ Հարցման արդյունքներով՝ Հանրապետական կուսակցությունը շուրջ 1 տոկոսով է առաջ անցել «Ծառուկյան» դաշինքից։ «Այն տոկոսը, որը այսօր արձանագրել է Gallup-ը, դա, այսպես ասենք, բոլորովին մեր պատկերացրածը և մեր երազածը չի, և մենք խնդիրներ ենք տեսնում այս թիվը ավելացնելու ուղղությամբ: Նաև ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, իսկապես, Հանրապետական կուսակցության քարոզարշավը որոշակի արդյունավետություն ունի, որոշակի արդյունավետություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը և նրա կատարած քարոզարշավը, նրա կատարած աշխատանքը», - ասաց խորհրդարանի փոխխոսնակը:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալության ու դրա հնարավոր քաղաքական ենթատեքստի մասին հարցին՝ Հերմինե Նաղդալյանն ասաց, թե իրենք չունեն անհրաժեշտություն որևէ քաղաքական ուժի նկատմամբ նման քայլ կատարելու։ Նաղդալյանի խոսքով՝ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» (ՕՐՕ) դաշինքը, որի համակիրն է Բաբայանը, պարզապես փորձում է ստեղծված վիճակից դիվիդենտներ շահել։

«Ընտրական կամպանիայի ամենասկզբում, երբ քննարկվում էր խնդիրը այն մասին, թե Սամվել Բաբայանը հանդիսանո՞ւմ է արդյոք ՕՐՕ դաշինքի մասնակից, գործող անձ՝ ցուցակի մեջ կամ քաղաքական ուժի կազմում, կարծում եմ, բոլորդ հիշում եք, որ ՕՐՕ դաշինքը հստակորեն հայտարարեց, որ ոչ տեսանելի ուղղակի, ոչ անտեսանելի և ոչ էլ ցուցակային որևէ կապ Սամվել Բաբայանի հետ չունի: Այսօր այս մոտեցումը, որ իրենք ներկայացնում են, սա տարօրինակ է, որովհետև այստեղից բխում է, որ կամ դուք այսօր ուզում եք օգտագործել սա, կամ դուք այն ժամանակ հանրությանը թյուրիմացության մեջ եք գցել», - հայտարարեց հանրապետական գործիչը՝ շարունակելով․ - «Ոչ ՕՐՕ դաշինքը, ոչ էլ քաղաքական մեկ այլ ուժ մեզ համար այսօր չեն հանդիսանում, նախ, այդպիսի վտանգ, երկրորդը՝ նույնիսկ եթե մենք շատ լուրջ վտանգ ունենանք, միևնույն է, մենք երբևիցե չենք գնա այս ճանապարհով և մենք երբևիցե կողմնակից չենք եղել քրեական խնդիրները քաղաքականացնելուն կամ կուսակցականացնելուն»:

Ազգային ժողովի փոխխոսնակի հավաստմամբ՝ իրենք փորձելու են անբիծ, օրինական ու օրինակելի ընտրություններ անցկացնել։ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հանրապետականի համար այնքան կարևոր չէ հաղթանակը, որքան՝ ազնիվ ընտրությունը։

«Եթե դուք հիշում եք Հայաստանի Հանրապետությունում այս 25 տարիների ընթացքում ևս մեկ քաղաքական գործիչ, լիդեր, առաջնորդ, ղեկավար, որը անբիծ ընտրությունը, ազնիվ ընտրությունը կարևորել է ավելի բարձր, քան հաղթանակը, քան հավաքած տոկոսները, խնդրում եմ հնչեցրեք», - հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG