Մատչելիության հղումներ

Քոչարի «Ալեգորիա» վերանվանված արձանը հանգրվանեց Երևանի Մոսկովյան պուրակում


Երվանդ Քոչարի «Ալեգորիա» արձանը Երևանի Մոսկովյան պուրակում, 25-ը մարտի, 2017թ․

Մեր մեծագույն վարպետներից Երվանդ Քոչարի աշխատանքներից շատերն են զարդարում Երևանը, ահա նրանց շարքին այսօր ավելացավ ևս մեկը՝ Քոչարի բրոնզաձույլ «Բանվորը և կոլտնտեսականը» արձանը, որը վերանվանվել և այսուհետ կոչվելու է «Ալեգորիա», այսօրվանից հանգրվանեց Դրամատիկական թատրոնի շենքին հարող Մոսկովյան պուրակում:

Արձանի հանդիսավոր բացումը կատարեցին քանդակագործի որդին՝ Ռուբեն Քոչարը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Առաջ կանգնած էր «Հայպետհրատ»-ը կար՝ դրա բակում, դե անցավ ժամանակ, և «Պետհրատ»-ն էլ մոռացվեց, այդ տարածքն էլ, արձանն էլ՝ հետը: Ուղղակի ես շատ ուրախ եմ, որ Քոչարը, տեսնում եք, որ էլի ապրում է, որովհետև ժամանակ առ ժամանակ իմաց է տալիս՝ իր գործերով, և ինքն էլ հենց դրա մասին էր խոսում: Իր ամբողջ հույսը ապագան էր, և նա միշտ էլ ասում էր, որ «ես ժամանակից չեմ վախենում, այլ ժամանակը իմ ընկերն է, իմ օգնականն է», և նրա վրա է իր հույսը: Հիմա տեսնում ենք, որ մարդը մարգարեանում է, իր խոսքերը իսկապես ճիշտ են դուրս գալիս, և տեսնում ե՞ք՝ մոռացված արձանը, ինձ համար շատ հաճելի է, որ այդ արձանը հիմա էլի գոյություն ունի», - ասաց Ռուբեն Քոչարը:

Արմեն Ամիրյանն էլ նշեց․ - «Վերաարժևորում ենք Քոչարի ստեղծագործություններից մեկը, որը, ցավոք սրտի, ժամանակի՝ քաղաքի կառուցապատման հետևանքով հայտնվել էր մեզ համար ոչ տեսանելի վայրում, մեղմ ասած, բայց ավելի կոնկրետ նկարագրելով՝ փակուղում էր հայտնվել: Ժամանակին այս արձանը տեղադրված էր Գրապալատի գրատան բակում, և 1970-ականներին, երբ կառուցվեց Կորյունի փողոցի վրա բարձրահարկ շենքը, արձանն ամբողջությամբ դարձավ անտեսանելի՝ փակվեց մեր հանրության համար: Երկար տարիներ արձանը գտնվում էր այդ փակուղում և կարելի է ասել՝ անմխիթար վիճակում: Եվ այսօր, փառք Աստծու, որ մեր նախաձեռնությամբ և Վերականգնման կենտրոնի ջանքերով և մեր աջակցությամբ արձանը վերանորոգվեց, վերականգնվեց, մոտեցավ իր նախկին տեսքին և տեղափոխվեց այստեղ՝ այս հրաշալի վայրում, որտեղ, ի դեպ, շուտով գործելու է Մնջախաղի թատրոնը՝ այս հատվածում: Եվ կարծում ենք, որ արձանը այս քայլով ավելի արժևորվեց և մեր քաղաքին բերեց նոր շունչ, նոր գույն, նոր շնչառություն»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կարծիքով՝ «ուրախ լուր է այս փաստը, որ մեծն Քոչարի ստեղծագործություններից ևս մեկը տեղադրվում է մեր քաղաքում՝ քաղաքի կենտրոնում»: «Սա լավ երևույթ է, և կարծում եմ, որ լայն հանրությունը պետք է ավելի մոտիկ ճանաչի իր մեծերին՝ հանձինս այս դեպքում Քոչարին, այս ստեղծագործությունով ևս նա հարստացրեց մեր քաղաքը՝ իր մշակութային արժեքը բերելով հանրությանը», - ասաց Աղամյանը:

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի համոզմամբ՝ Քոչարի արվեստը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից մեկն է: Իր երիտասարդության տարիներից մտապատկերում է պահում Քոչարի անմոռանալի մարդկային կերպարը․ - «Ե՛վ ամբողջովին հայկական տարերքից է, և՛ աշխարհի մարդ: Իմ պատանեկության տարիներին երբեմն-երբեմն տեսնում էինք նրան փողոցով ճեմելիս՝ անձրևաթիկնոցը թևին գցած, ծխամորճը՝ ձեռքին: Ինքը բարձրահասակ մարդ չէր, դրա համար, նախ, ինքը ներսից գիտեր իր արժեքը, հետո, որովհետև բարձրահասակ չէր, գլուխը միշտ էսպես վեր էր պահում և էսպես գլուխը վեր պահած՝ անցնում էր Երևանով»:

«Ինքը իր տեսքով, ամբողջ կերպարով այլ չափանիշ էր դնում՝ սովորական կյանքից վեր, հայկական մշակույթի համար ստեղծել է մի էսթետիկական և փիլիսոփայական բարձրություն, որը մեր մշակույթը հավասարեցնում է աշխարհին», - ընդգծեց Մուրադյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG