Մատչելիության հղումներ

ԱԻ նախարարի հրամանով կիրականացվի Նոր Գեղիում պայթյունի պատճառների փորձաքննություն


ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Երեկ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով:

Մինչ օրենքով սահմանված ժամկետում պայթյունի պատճառների ի հայտ բերելու տեխնիկական անաչառ ու բազմակողմանի քննության ավարտը, Տոնոյանի հրամանով՝ նույն թթվածնային կայանում սույն թվականի մարտի 6-ին փորձաքննություն իրականացրած և դրական եզրակացություն տված ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական կազմի մի շարք աշխատակիցների պարտականությունների կատարումը դադարեցվում է, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Հիշեցնենք, որ մարտի 24-ին, ժամը 08:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող թթվածնային կայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ փլուզումով, ինչի հետևանքով ներսում գտնվող աշխատակիցը հայտնվել էր փլատակներում: Ժամը 08:40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, իսկ Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1984 թ. ծնված Ա. Հ.-ը, բեկորային վնասվածքներով դիմել է ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայրում եղել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG