Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանն իր տարակուսանքն է հայտնում ԵԺԿ նախագահին


Րաֆֆի Հովհաննիսյան և Ժոզեֆ Դոլ
Րաֆֆի Հովհաննիսյան և Ժոզեֆ Դոլ

«Ժառանգության» առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին, որում տարակուսանք է հայտնել վերջինիս կողմից Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին տեսաերիզի շրջանառման կապակցությամբ:

«Իշխող Հանրապետական կուսակցությունը հանրային հեռուստատեսությամբ և այլուր լայնորեն տարածել է հայերեն հնչյունավորված տեսաերիզ՝ Ձեր դիմապատկերով, որտեղ ենթադրաբար հաղորդվում են Ձեր աջակցությունն ու հաջողության մաղթանքը ՀՀԿ-ին և իրենց բոլոր թեկնածուներին՝ առաջիկա ընտրություններում:

Եթե դա չի համապատասխանում իրականությանը, ես ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար և Ձեր ասածը ճշգրտելու նպատակով կոչ եմ անում Ձեզ անհապաղ տեսագրել երկրորդ տեսաուղերձը՝ այս անգամ հասցեագրված «Ժառանգություն» կուսակցությանը և դաշինքին, որին մաս է կազմում «Ժառանգությունը»:

Եթե, այնուամենայնիվ, Ձեզ վերագրված խոսքերի թարգմանությունը ճիշտ է, ես պետք է հարցնեմ՝ արդյոք դրանք արտահայտում են ԵԺԿ-ի պաշտոնակա՞ն դիրքորոշումը, թե՞ Ձեր անձնական կարծիքը: Ես պարտավոր եմ նաև հավելել, որ Ձեր բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է և ապօրինի միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Միջամտությունն ինքնին, ինչպես նաև Ձեր հաղորդագրության բովանդակությունը, ամոթալի են Եվրոպայի ու ԵԺԿ-ի համար, բոլոր նրանց համար, ովքեր եվրոպական քաղաքակրթության հնագույն ակունքներից մեկը հանդիսացող Հայաստանում ցանկանում են քարոզել եվրոպական արժեքներ և կերտել եվրոպական տիպօրինակի պետություն ու հասարակություն մեր երկրում:

Մի շարք հաստատուն ժողովրդավարական սկզբունքներ, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի անկախությունն ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը թվարկելուն զուգահեռ, Դուք, փաստորեն, Ձեր զորակցությունն եք հայտնում այդ նույն կուսակցությանը (և նրա նախագահին), որը պատասխանատու է ընտրությունները կեղծելու, օրենքն ընտրողաբար և անիրավաբար՝ սեփական հայեցողությամբ կիրառելու համար, կոռուպցիայի, իշխանության չարաշահման ու վերից վար շահերի բախման, հանրային կյանքի բոլոր ոլորտների գործունեության կուսակցապետական մենաշնորհացման, դատական համակարգը բացարձակապես իրենց քմահաճույքներին ծառայեցնելու, իրենց քաղաքական կամքն արտահայտելու, հավաքներ անցկացնելու, խղճի և սահմանադրական քաղաքացիական այլ գործողություններ իրականացնելու ազատությունների իրացման առնչությամբ քաղաքացիներին հալածելու և բանտարկելու համար: Ցանկը երկար է:

Մեկ անգամ ևս, եթե հաղորդագրությունն իսկապես Ձերն է, այն ինքնին վերածվում է եվրոպական բարոյական և իրավական հենանիշերի աղաղակող ինքնախախտման, էլ չասած, թե այն ինչպես է կոպտորեն ոտնահարում և վնասակար ու կողմնակալ հատվածապաշտական ազդեցություն թողնում բուն ընտրական գործընթացի, ընթացող քարոզարշավի և դրա վերջնական արդյունքի վրա՝ լինեն դրանք վերջապես մաքուր, թե ևս մեկ անգամ կեղծված: Ես հուսով եմ, որ վերը շարադրվածը պատշաճ կերպով կնշվի տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում Ձեր սեփական զեկույցներում:

Դուք «Ժառանգությանը» չէ, որ արհամարհում եք: Դուք արհամարհում եք հայաստանյան ընտրողին, քաղաքացիական հասարակությանը, ԵԺԿ-ին և իր իսկ արժեքային համակարգը, այն ամենի բնորոշումն ու իմաստը, ինչը հայտնի է եղել մեզ՝ որպես Եվրոպա»,- նշված է Հովհաննիսյանի նամակում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից բացի, ԵԺԿ անդամ է հանդիսանում նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Այդ կառույցի անդամ էր նաև «Օրինաց երկիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG