Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում «խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)»:
«Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետև, կարճատև ազատ արձակումից հետո, խեղաթյուրված առողջական եզրակացության հիման վրա կրկին կալանավորումը հիմք են տալիս մեզ պնդելու, որ Արթուր Սարգսյանը խղճի հալածյալ է և հետապնդվել է քաղաքական դրդապատճառներով», - ասված է հայտարարությունում:
Նշելով, որ «նման դեպքերը ավելի են խորացնում երկրի ապագայի հանդեպ ժողովրդի հուսահատ տրամադրությունները, հատկապես նախընտրական քարոզչության այս շրջանում, երբ ամենուր հնչում են ժողովրդավարական պետություն կառուցելու և մարդու իրավունքները պաշտպանելու մասին բարձրագոչ հայտարարություններ», պլատֆորմը Հայաստանում «արդարադատության ճգնաժամի հաղթահարման համար պահանջում է՝ արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հրաժարականները, կալանքը որպես խափանման միջոց կիրառած դատավորների՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի, ինչպես նաև կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշումը կայացրած քննիչի և վերահսկող դատախազի պաշտոնանկությունները, անհապաղ քննություն սկսել Արթուր Սարգսյանի կրկնակի դատաբժշկական փորձաքննության մասնակից և եզրակացություն կազմած դատաբժիշկների նկատմամբ՝ չսահմանափակվելով միայն «Արմենիա» ԲԿ-ի բժիշկներով, քննության ամբողջ ընթացքի և արդյունքների առնչությամբ ապահովել հանրային վերահսկողություն:
Պլատֆորմը վերահաստատում է անցած տարվա նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայացած ԱլԳ ՔՀՖ 8-րդ տարեկան համաժողովի բանաձևի պահանջը. - «Անհապաղ և առանց որևէ պայմանականության ազատ արձակել Հայաստանի Հանրապետությունում իրենց արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար ազատազրկված բոլոր բանտարկյալներին»։