Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարանում գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պնդում է, որ «Իգլա»-ի հետ որևէ կապ չունի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ տեղեկացնելով, որ Բաբայանն արդեն ցուցմունք է տվել՝ ընդգծելով, որ չի ճանաչում նաև նույն գործով ձերբակալված մյուս երկու անձանց։

Հիշեցնենք, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» (ՕՐՕ) դաշինքի աջակից Սամվել Բաբայանը երեկ ձերբակալվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ ԱԱԾ-ի, ձեռք են բերվել արժանահավատ տվյալներ, որ «նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Քալաշյան. - Մեղադրանք դեռ ներկայացված չէ, պարոն Բաբայանը ընդամենը կասկածվում է։ Միանշանակ կերպով՝ այդ կասկածանքները չի ընդունում, անհիմն է համարում։ Ցուցմունք ինքը տվել է և ցուցմունքում նշել է, որ ինչում իրեն կասկածում են, որևէ առնչություն չունի դրա հետ։

«Ազատություն». - Երբ պարոն Բաբայանը նշում է, որ որևէ կապ չունի այդ «Իգլա»-ի ներկրման փորձի հետ, այդ դեպքում ինչո՞ւ են նրան ձերբակալել, նա քաղաքական ինչ-որ ենթատեքստ տեսնո՞ւմ է։

Քալաշյան. - Առայժմ այդ մասին կարծիք չի հայտնում, որովհետև դեռ պարզ չէ։

«Ազատություն». - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել և նշել է, որ պարոն Բաբայանի ձերբակալությունը միանշանակ քաղաքական է։

Քալաշյան. - Պարոն Բաբայանն այդ մասին կարծիք չի հայտնել։ Ես, որպես նրա փաստաբան, նույնպես զերծ եմ մնում նման կարծիք հայտնելուց։ Ես իրավաբան եմ, գործ ունեմ միայն քրեական գործի հետ։ Իմ գործը նա է՝ գործով ձեռք բերված փաստերը հիմնավոր են, թե՝ ոչ։

«Ազատություն». - Ազգային անվտանգության ծառայությունը հիմնավոր ապացույցներ ունի՞։

Քալաշյան. - Ներողություն, նման հարցերին, գաղտնիությունից և իմ պաշտպանյալի շահերից ելնելով, առայժմ չեմ կարող պատասխանել։

«Ազատություն». - Ամեն դեպքում, Սամվել Բաբայանն ասում է, որ ինքը կապ չունի այդ «Իգլա»-ի հետ։

Քալաշյան. - Միանշանակ, միանշանակ՝ կապ չունի։

«Ազատություն». - Իսկ մյուս երկու անձանց, ովքեր, ըստ Ազգային անվտանգության ծառայության, գործել են հենց Սամվել Բաբայանի ցուցումով, պարոն Բաբայանը նրանց ճանաչո՞ւմ է։

Քալաշյան. - Չգիտեմ այդ անձինք ովքեր են, եթե պարոն Բաբայանն ասում է՝ «ես ընդհանրապես դրա հետ առնչություն չունեմ», ուրեմն մնացածն արդեն ավելորդ է, ինձ թվում է։

«Ազատություն». - Առերեսում եղե՞լ է նրանց հետ։

Քալաշյան. - Ոչ, դեռ ոչ։

«Ազատություն». - Ամեն դեպքում նրանց անունները ծանոթ չեն եղել Սամվել Բաբայանին։

Քալաշյան. - Իհարկե ոչ։

Ի դեպ այսօր տարածած հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Վրաստանի իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար:

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն, անդրադառնալով մաքսանենգ ճանապարհով «Իգլա» համալիրի ներկրման փաստին, կարծիք հայտնեց, թե զենքը Հայաստան կարող էր բերվել այստեղից այլ երկիր տեղափոխելու, կամ հենց Հայաստանում օգտագործելու նպատակով:

Պաշտպանության նախկին նախարարն «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ «Իգլա» հրթիռային համալիրը կիրառվում է ինքնաթիռներ և ուղղաթիռներ խոցելու համար, և կարող էր օգտագործվել նաև քաղաքական նպատակով:

Հարությունյան. - Ինքը կարող է ոչնչացնել ինքնաթիռը՝ հեռավորությունը 6 կիլոմետր և բարձրությունը 3.5 կիլոմետր, և դրա գլխիկի քաշը՝ պայթուցիկ նյութի, կազմում է 2 կիլոգրամ, դա բավարար է որպեսզի ոչնչացնել ինքնաթիռ, նույնիսկ՝ մեծ։ Ինչի համար է դա օգտագործվելու, քննությունը ցույց կտա։

«Ազատություն». - Դուք անձնապես ճանաչո՞ւմ եք Սամվել Բաբայանին։

Հարությունյան. - Այո։

«Ազատություն». - Նրա հետ աշխատելու հնարավորություն ունեցել եք։

Հարությունյան. - Այո։

«Ազատություն». - Ո՞ր թվականներին։

Հարությունյան. - 99 թվին։

«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ կարող էր այդ հակահրթիռային համալիրն ինչ-որ ձևով ներքաղաքական հարցերում օգտագործվեր, թե՞ Դուք դա բացառում եք։

Հարությունյան. - Չէ, ես ոչ մի բան չեմ բացառում, որովհետև մեր փորձը՝ Հայաստանի, ցույց է տվել, որ մենք ունեցել ենք այդպիսի տեռորիստական ակտեր, ինչի միջոցով լուծվել են իշխանության խնդիրները։ Այնպես որ բացառել որևէ բան հնարավոր չէ։ Այս պահին կարելի է միայն դա ասել, որ դրանով հնարավոր է ոչնչացնել ինքնաթիռ, լուծել տարբեր խնդիրներ, իհարկե, նաև՝ քաղաքական։

«Ազատություն». - Հնարավո՞ր էր Վրաստանով այդպես անարգել անցկացնել Հայաստան։

Հարությունյան. - Ինչի մասին է խոսքը, իհարկե հնարավոր է։

«Ազատություն». - Հսկողություն չկա։

Հարությունյան. - Հսկողություն կա, բայց հսկողությունը 100 տոկոսանոց չի լինում։ Նույնիսկ Սովետական Միության ժամանակ ղարաբաղյան շարժման սկզբին զենքը ո՞նց էին բերում Հայաստան, և ոչ միայն «Իգլա», որը իր չափերով այնքան էլ մեծ չէ, բերում էին ավելի մեծ քանակի զենք և ավելի մեծ՝ իրա չափերով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մինչդեռ արձանագրում է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինիքի նկատմամբ բացահայտ ճնշումներ են իրականացվում և դա փաստում է նաև Սամվել Բաբայանի ձերբակալությունը։

Ալեքսանյան. - Եվ կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունն այսպիսի մեթոդներով՝ Սամվել Բաբայանի ձերբակալությամբ, ուղղակի գնում է բռնագրավելու իշխանությունը։ Ակնհայտ է, որ դաշինքն ըմբոստ էր Ջրառատի դեպքերից հետո և առհասարակ այս վերջին շրջանում չէր ընկրկում, և սա այն խաղի կանոնները չէ, որ նախատեսել է Հանրապետական կուսակցությունը։

«Ազատություն». - Տիկին Ալեքսանյան, Դուք կարծում եք, որ Սամվել Բաբայանը ընդհանրապես կապ չունի՞ այդ «Իգլա»-ի հետ և սա ընդամենը պատրվակ է։

Ալեքսանյան. - Դժվար է պատկերացնել, որ «Իգլա»-ի հետ կարող է կապ ունենալ, ինձ համար դա անհավանական մի բան է, ատոմային ռումբ կարող էին նաև դրա փոխարեն հայտնաբերել։ Ես չեմ հավատում։ Ես կհավատամ այն ժամանակ, երբ կլինեն այդ ապացույցները։

«Ազատություն». - Ինչո՞ւ հենց Բաբայանը։ Ինչո՞ւ, օրինակ, ոչ Սեյրան Օհանյանը։

Ալեքսանյան. - Գուցե հին թշնամական, կամ չավարտված պատմություններ ունի՞ իշխանությունը Սամվել Բաբայանի հետ, և դա է պատճառը, որ հենց Սամվել Բաբայանն է, և Սամվել Բաբայանի հայտարարություններն էին բավականին ըմբոստ այս ընթացքում՝ Ջրառատի դեպքերից հետո, և սա է պատճառը, որ նրան որոշեցին մեկուսացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG