Հայաստանը խորհրդարանական ընտրություններին է մոտենում 2009 թվականից հետո գրանցված նվազագույն տնտեսական աճով՝ ընդամենը 0,2 տոկոս: Եթե մի կողմ դնենք 2009 թ․գրանցված ավելի քան 14 տոկոսի տնտեսական անկումը, ապա նախորդ տարի գրանցված՝ գրեթե զրոյին մոտ տնտեսական աճը վատագույնն է Հանրապետական կուսակցության՝ իշխանության ղեկին գտնվելու 18 տարիների ընթացքում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տնտեսության այդ վիճակը բացատրեց 2009 թ․ ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո վրա հասած ևս երկու ճգնաժամերով:
«2009-ից հետո ևս երկու տեսակի ճգնաժամ ենք ունեցել, 2009-ից հետո 2 տարի մենք սկսեցինք վերականգնվել, բայց 2010, 2011 թվականներից հետո երկրորդ ալիքը սկսեց մեզ վրա ազդել: Առաջինը դա համաշխարհային հումքային գներն էին, օրինակ՝ 2011 թվականին պղնձի գինը հունիս-հուլիս ամիսներին ընդհուպ մինչև 9300 դոլար է եղել 1 տոննայի դիմաց: Արդեն 2016-ի սեպտեմբերին մենք ունեցել ենք շուրջ 4000 դոլար»,- պարզաբանեց նախարարը:
Հայաստանի արտահանման համար կարևորագույն հումքի՝ պղնձի գների նման կտրուկ անկումից հետո ճգնաժամի երկրորդ ալիքը, ըստ ֆինանսների նախարարի, վրա հասավ 2014 թվականից սկսած՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում: Ըստ պաշտոնական տվյալների, այդ ժամանակ երկրում դեռ տնտեսական աճ էր արձանագրվում՝ 3,6 տոկոս 2014 թվականին և 3 տոկոս՝ 2015-ին:
«2014 թվականի կեսից, երբ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեցին, մենք չէինք կարող անմասն մնալ դրանից: Օրինակի համար՝ նույն Վրաստանը, որն ավելի թույլ կապեր ունի Ռուսաստանի հետ, նույնպես անմասն չմնաց: Ղազախստանում դիտվեցին ավելի խորը խնդիրներ, արժեզրկում և այլն: Նույնը Բելառուսում, նույն խնդիրները՝ Մոլդովայում: Այս իրավիճակում հիմա խոսենք, որ պետք է աղճատվեինք տնտեսական իրականությունից և ամեն գնով պետք է ունենայինք 7 կամ 8 տոկոս տնտեսական աճ, դա իրատեսական չէ»,- ասաց Արամյանը:
Իիշխող Հանրապետականի խորհրդի անդամ ֆինանսների նախարարը, այդուհանդերձ, կարծես գոհ է ներկա իրավիճակից: Նրա խոսքով, արդեն հաղթահարվել են դժվար ժամանակաները՝ «Լավ լուրն այն է, որ մենք հաղթահարեցինք 2 տարվա այդ բացասական նեգատիվ շոկը, որն արտաքին աշխարհից էր թափանցել և հիմա ունենք ավելի դրական զարգացումներ»:
Ավելի դրական զարգացումների մասին են խոսում նաև Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալները՝ այս տարվա առաջին երկու ամսիներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,2 տոկոս: Տպավորիչ են հատկապես մանրամասները՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16,1 տոկոսով, արտահանումը՝ 20,1, ներմուծումը՝ 23,5 տոկոսով:
Ուշագրավ է, որ ԱՎԾ տվյալների համաձայն, տնտեսական բարձր ցուցանիշներ են գրանցվել հատկապես ընտրությունների տարիներին: Օրինակ՝ եթե դիտարկենք հունվար-փետրվար ամիսները, ապա 2009 թվականի անկումից հետո, 2010-ի առաջին երկու ամիսներին, գրանցվել էր 3,1 տոկոս աճ: 2011-ին այդ ցուցանիշն անհամեմատ համեստ էր՝ 1,4 տոկոս: 2012-ին, երբ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, տնտեսական ակտիվությունը կտրուկ աճեց՝ 5,6 տոկոս, 2013-ին՝ նախագահական ընտրությունների տարում, դարձյալ բարձր ցուցանիշ գրանցվեց՝ 8 տոկոս: Բայց արդեն 2014-ին կտրուկ անկում արձանագրվեց՝ 2,4 տոկոս: 2015 թվականին այդ ցուցանիշը 2,5 տոկոս էր, 2016-ին՝ 4,7 տոկոս:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ ինչպես կմեկնաբանեք այդ օրինաչափությունը, ֆինանսների նախարարն ասաց, թե հիմքեր չունի՝ չհավատալու ԱՎԾ-ին: Բացի այդ, ըստ Արամյանի, նախընտրական շրջանն իսկապես որոշակի ազդեցություն ունենում է տնտեսական ակտիվության վրա:
«Ես նույնիսկ ձեզ կուղարկեմ մի մասնագետի վերլուծություն, որի հեղինակը փաստում է, որ ամբողջ աշխարհում սովորաբար ընտրությունների շրջանում տնտեսական ակտիվությունը շատ ավելի բարձր է: Եվ որևէ արտառոց չկա, օրինակ բերեմ՝ բուկլետներ տպելը․․․ »,- պարզաբանեց Վարդան Արամյանը: