Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում զինված խմբի վնասազերծման մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահը, սակայն, չի հստակեցրել ո՛չ այդ խմբի անդամների քաղաքական հայացքները, ո՛չ էլ այն գործողությունները, որ պատրաստվում էին իրականացնել նրանք:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական հատուկ ծառայությունները զինված մի խումբ են վնասազերծել, որը սադրանքներ էր նախապատրաստում երկրի տարածքում: Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է երեկ Մոգիլյովի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Պատասխանելով տեղի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակցի հարցին՝ Լուկաշենկոն հայտարարել է, թե զինված խմբի մասին տեղեկատվությունը իշխանություններին տրամադրել է Եվրամիության տարածքում ապրող Բելառուսի քաղաքացիներից մեկը:

«[Այդ մարդիկ] մարզվում էին մեր տարածքում գտնվող ճամբարներում, նրանց մյուս ճամբարները Ուկրաինայի տարածքում էին: Ֆինանսավորումը ստանում էին Լեհաստանի և Լիտվայի միջոցով: Մենք բառացիորեն մի քանի ժամ առաջ ենք ձերբակալել մոտ երկու տասնյակ զինյալների, որոնք զինված սադրանք էին ծրագրում», - հայտարարում էր Լուկաշենկոն` չհստակեցնելով, սակայն, ո՛չ այդ խմբի անդամների քաղաքական հայացքները, ո՛չ էլ այն գործողությունները, որ պատրաստվում էին իրականացնել նրանք:

Փոխարենը, Լուկաշենկոն միանշանակորեն վստահ էր, որ զինված խմբի անդամներն ու հովանավորները ցանկանում էին օգտվել վերջին շրջանում երկրի խոշորագույն քաղաքներում սկիզբ առած բողոքի ակցիաների շուրջ ծագած իրավիճակից:

Ցույցերի մասնակիցները բողոքում են այսպես կոչված «Թիվ 3 հրամանագրի» դեմ, որով տուգանք է սահմանվում այն բոլոր քաղաքացիների համար, ովքեր տարեկան վեց ամսից քիչ են աշխատել:

Թեև այս նախաձեռնությունը լուրջ դժգոհություն էր առաջացրել Բելառուսի քաղաքացիների շրջանում՝ վերջին մի քանի տարիների ամենախոշոր բողոքի գործողությունների պատճառ դառնալով, Լուկաշենկոն անդրդվելի է:

«Թիվ 3 հրամանագիրը ես չեղյալ չեմ հայտարարել և նույնիսկ չեմ առկախել: Պարզապես, քանի որ մեղավորն իշխանություններն էին և այդ ծանուցագրերն ուղարկվել էին բազմաթիվ մարդկանց, ովքեր ազատված են տուգանքի վճարումից` հաշմանդամներ, ֆիզարձակուրդում գտնվողներ, ապա մենք որոշեցինք, որ 2017-ի վճարումները կգանձվեն հաջորդ տարի: Մինչ այդ մենք կհստակեցնենք ցուցակները, և նոր ցուցակների հիման վրա արդեն հստակ պահանջ կներկայացնենք` կամ դուք ձեզ աշխատանք ենք գտնում, կամ էլ մենք ենք ձեզ աշխատանք տրամադրում` ինքներդ գիտեք, թե ինչ բնույթի աշխատանք», - հայտարարում էր Բելառուսի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG