Մատչելիության հղումներ

Հայաստանը և ԵՄ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ


«Համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարևոր քայլ կհանդիսանա»: Այս մասին նշված է Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությունում, որն արվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման կապակցուոթյամբ:

«Մարտի 21-ին, Երևանում, Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը և Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նախաստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարևոր քայլ կհանդիսանա: Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք կստեղծի տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունն ընկած է նոր համաձայնագրի և ԵՄ- Հայաստան հետագա համագործակցության հիմքում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաև կստեղծի ավելի ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առևտրի և ներդրումների բնագավառում, և դյուրացված շարժունակություն՝ ի շահ քաղաքացիների:

ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համատեղ ջանքերի արդյունք է, որն էլ ավելի կխորացնի կողմերի հարաբերությունները Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի ԵՄ-ին և Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG