Մատչելիության հղումներ

Գործարարը ՊԵԿ-ին մեղադրում է օլիգարխներին պաշտպանելու մեջ


Գործարար Արարատ Թումանյան
Գործարար Արարատ Թումանյան

Գործարար Արարատ Թումանյանը, ով անցած ամռանից մաքսայինում շարունակաբար դժվարությունների է բախվում Իրանից վառելիք ներկրելիս, հերքում է Պետեկամուտների կոմիտեի մեղադրանքները և հայտարարում, որ պետական մարմինը ուղղակի արգելում է իրեն Իրանից վառելիք ներկրել՝ նման կերպ ծառայելով վառելիքի շուկայի մոնոպոլիստների շահերին:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Թումանյանը հայտարարեց, թե անցած տարի ՊԵԿ-ը արգելեց իրեն Իրանից դիզվառելիք ներկրել, իսկ այս տարի՝ կերոսին․ - «Ես տեսնում եմ սրա մեջ միայն քրեամոնոպոլ իրավիճակ: Քրեամոնոպոլ անձանց կամ ֆիրմաների ձեռ չի տալիո, որ ինչ-որ մեկ ուրիշը կարողանա նման հարցով զբաղվի․․․ Ոչ մեկը ո՛չ բենզին, ո՛չ դիզելային վառելիք դեռ չի կարող ներկրել, քանի դեռ այս իրավիճակն է տիրում»:

Երեկ Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ սպառողներին խոշոր չափերով խաբելու դեպքի առթիվ, ու արգելել է մաքսազերծել ներմուծված վառելիքը Թումանյանին պատկանող «Արագգ» ընկերությանը:

Ըստ հաղորդագրության, «տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով [ընկերությունը] փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք: Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին»:

Գործարարն այսօր հակադարձեց՝ ասելով, թե իրանական պետական ձեռնարկությունից վառելիք է ներկրել հունվարի վերջին և փետրվարի սկզբին: Առաջին խմբաքանակի դեպքում Ստանդարտների ազգային ինստիտուտը հունվարի 30-ին տրված փաստաթղթով եզրակացրել է, որ վառելիքը կերոսին է և համապատասխանում է Հայաստանում առկա չափանիշներին: Սակայն ընդամենը մեկ շաբաթ անց՝ փետրվարի 8-ին, նույն տեղից գնված երկրորդ խմբաքանակի վերաբերյալ ինստիտուտը ճիշտ հակառակ է եզրակացություն է տվել՝ կերոսին է, սակայն այլևս չի համապատասխանում հայաստանյան չափանիշներին, ուստի իրեն արգելվել է ներկրել:

Արարատ Թումանյանի խոսքով, առաջին խմբաքանակի վառելիքը, բնականաբար, վաճառել է որպես կերոսին, ինչ վերաբերում է երկրորդ մեղադրանքին, թե ապրանք է մատակարարել ոչ այն ընկերությանը, ում անունով հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել, արձագանքեց․ - «Նման բան չի եղել: Եթե նման բան լիներ, այդ քրեական գործը կամ վարչական վարույթը արդեն իմ հանդեպ կատարված կլիներ»:

Շարունակելով՝ գործարարն ասաց, որ փետրվարին ներկրած խմբաքանակի մի մասը՝ 13 բեռնատար, մաքսայինում 38 օր պահելուց հետո ստիպված հետ է ուղարկել Իրան՝ կրելով 56 հազար դոլարի վնաս է:

ՊԵԿ-ի երեկվա հայտարարության մասին Թումանյանը տեղեկացել է հեռուստացույցից, իր հետ ոչ ոք չի կապվել և պատմեց, որ ՊԵԿ-ը ինչպես է թակել անգամ գյուղացիների դռները՝ պահանջելով տեղեկացնել, թե ինչ են արել իրենից գնված վառելիքը․ - «Վախ են ներարկում մարդկանց․․․ Ավելին՝ անգամ Մեղրու շրջանի գյուղերից մի կետ ունենք, այնտեղ էլ ունենք վաճառած էդ բեռը, որպես վառարանային վառելիք՝ մեր ՊԵԿ-ի ցանկությամբ: Մենք էդ կատարել ենք, տվել ենք իրանց: Գյուղացիներին, որ կանիստրներով կամ այլ տարաների մեջ գալիս են, տանում են, նրանց էլ պարտադրում՝ բա բերեք ձեր տվյալները, անձնագրերը, մեզ տեղեկություն տվեք, թե ուր եք սպառելու, ինչ եք անելու»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով մարտի սկզբին Ազգային ժողովում բարձրաձայնել էր գործարարի խնդիրը, ինչի արդյուքնում էլ, ի դեպ, վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, թե անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական զինտեխնիկան չի աշխատել, այսօր «Ազատությանն» ասաց․ - «Այդ նույն ապրանքի մի մասի ներկրումը Հայաստանի կառավարությունը թույլ է տվել, մի մասի ներկրումը թույլ չի տվել: Եվ այդ ապրանքը, ինչքան ես գիտեմ, հետ է գնացել Իրանի Իսլամական Հանրապետություն: Այստեղ անխուսափելիորեն Կարեն Կարապետյանի կառավարությունը և ՊԵԿ-ը թույլ է տվել ապօրինություն: Որովհետև եթե չպիտի ներկրվեր, ներկրվել է այդ մի մասը, ուրեմն ապօրինություն է թույլ տվել: Իսկ եթե պիտի ներկրվեր այդ մի մասը, ուրեմն ապօրինություն է թույլ տրվել մյուս մասի ներկրումը թույլ չտալով»:

Պատգամավորը շարունակեց՝ ասելով, որ բանանի ու իրանական վառելիքի հետ կապված դեպքերը ցույց տվեցին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը պաշտպանում է օլիգարխների շահերը․ - «Ես համարում եմ, որ սա տեռոր է գործարարի նկատմամբ: Եվ երկրորդը, ես համարում եմ, որ սա տեռոր է Իրան - Հայաստան գործարար կապերի զարգացման նկատմամբ: Եվ, այո՛, այս Կառավարությունը ինձ համար մոնոպոլիստների շահերը պաշտպանող Կառավարություն է: Հիմա այսպիսի հայտարարություն են տարածել, քրեական գործ են հարուցել, օպերատիվ հետախուզություն են արել․․․ Ես էլի ուզում եմ բերել բանանի ներկրման խոչընդոտի հետ կապված էլի ՊԵԿ-ի հայտարարությունը: Ես դրա հետքերով գնացել եմ, թե ինչ հետաքննություն է արվել այդ գործի վրա: Այդ քրեական գործի պապկայում երեք հատիկ թուղթ կա․․․ Եվ այդ երեք հատիկ թղթի իմաստը այն է, որ իրենք մոնոպոլիայի շահերը պաշտպանում են: Ըստ էության այս իրավիճակի արձանագրումով ես կարող եմ ասել հետևյալը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր հայտարարությունները հերթով փուչիկի նման պայթում են»:

XS
SM
MD
LG