Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը «ակտուալ» է համարում վարչապետի հայտարարությունն անորակ վառելիքի մասին


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միայն երկու օր անց է արձագանքում վարչապետի աղմկահարույց հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ նավթամթերքի պատճառով, այսօր նշելով՝ կառավարության ղեկավարի խոսքերը մեկնաբանում են համատեքստից պոկելով:

«Պարզ է շատ․ համատեքստից պոկելով մեկնաբանություն է արվում: Վարչապետի ասածը շատ ակտուալ և արդիական էր, վերաբերում էր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ, և որպես պաշտպանության նախարար ես շատ կարևորում եմ այդ մոտեցումը, որովհետև իրականում, ինչպես հասկանալի է, Պաշտպանության բանակը իր ձեռք բերած վառելիքի նկատմամբ իրականացնելով պատշաճ վերահսկողություն, նաև միշտ մեծ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որը թե՛ որպես պետպահուստ տրված է ի պահ մատակարարներին, թե՛ ծայրահեղ իրավիճակներում կարող է պետք լինել օգտագործման համար բանակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ռազմական գերատեսչության ղեկավարը: - «Եթե մենք վստահ չլինենք այդ մատակարարվող վառելիքի որակի վրա, դա կարող է խնդիր առաջացնել: Հետևաբար ես կարևորում եմ վարչապետի այդ մոտեցումը և հանձնարարականը», - հավելեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարն անպատասխան թողեց հարցը, թե բանակի կարիքների համար նախատեսված նավթամթերքի նկատմամբ վերահսկողության կարևորությունից զատ, ի՞նչ կարող է ասել պատերազմի ժամանակ անորակ վառելիքի պատճառով չգործած ռազմական տեխնիկայի մասին: Մինչդեռ, մարտի 1-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի հայտարարությունը հստակ էր՝ «ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում կերոսինի հետ խառնվում է և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք, դուք շատ լավ գուցեև հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:

Անցած տարվա ապրիլին բռնկված քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարն էր Սեյրան Օհանյանը: Այսօր «Ազատության» հետ զրույցում նա հերքեց, թե անորակ նավթամթերքի պատճառով այդ օրերին զինտեխնիկան չի աշխատել: - «Եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն: Ես ինքս էլ կողմնակից եմ և պնդում եմ, որ դա իրականացվի և իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի պակասության պատճառով որևէ խնդիր չի եղել»:

Վարչապետի հայտարարությունից օրեր են անցել, սակայն ազգային անվտանգության նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ որևէ արձագանքով հանդես չի եկել դատախազությունը: «Ազատությունը» հարցում է ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ներկայացնել, թե իր գլխավորած իրավապահ մարմինը ի՞նչ է ձեռնարկում Կարեն Կարապետյանի հայտարարության կապակցությամբ: Պատասխան դեռ չունեք:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի խոսքով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պարտավոր է պարզաբանում ներկայացնել հանրությանը․ - «Եթե այդ տեխնիկան դուրս էր գալիս, մենք մի քանի զոհ պակաս էինք ունենում, չէ՞: Տեխնիկան դուրս չի եկել, երեխեքը մնացել են մենակ: Սա շատ լուրջ բան է»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ վառելիքի մասին Սեյրան Օհանյանին հարցրել է դեռ անցած տարի․ - «2016 թվականի հունիս կամ հուլիս ամսին, երբ մենք վերադարձել էինք Մարտակերտից, պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում ես այդ մասին Սեյրան Օհանյանին ուղիղ հարց եմ տվել և ասել եմ, որ այսպիսի ահազանգեր և տեղեկություններ կան, և ինքը ինձ հավաստիացրել է, որ բանակում այդ բոլոր նորմատիվները գործում են և այդպիսի բան լինել չի կարող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG