Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարն ընդունել է բելգիացի խորհրդարանականների պատվիրակությանը


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Լեռնային Ղարաբաղ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ։

Ըստ ԼՂ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, հյուրերի խնդրանքով ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Ղարաբաղի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և բանակցությունների վերսկսման համար պայմանների ապահովման ուղղությամբ Ղարաբաղի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղում պետականաշինության գործընթացների շուրջ։ Բելգիացի խորհրդարանականները ողջունել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետևողական ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման այցելությունների կարևորությունը` Ղարաբաղի և Բելգիայի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG