Մատչելիության հղումներ

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի պատրաստվում հետ կանգնել ստանձնած պարտականություններից


Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, չնայած թուրքական իշխանությունների ստեղծած արգելքներին, չի պատրաստվում հետ կանգնել և շարունակելու է կատարել նոր պատրիարքի ընտրության գործընթացում իր ստանձնած պարտականությունները։ Այս մասին նա հայտնել է նախօրեին հրապարակված հայտարարության մեջ, որը արքեպիսկոպոսը ստորագրել է իբրև տեղապահ Բեքչյան։

«Կցանկանամ հայտնել, որ Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության համար ձեռնարկված աշխատանքի շրջանը իմ կողմից պետք է տարվի եկեղեցու ավանդույթներին համապատասխան։ Հավատում եմ և վստահ եմ, որ այս շրջանը պետք է կարողանանք ավարտել ներդաշնակ և համերաշխ պայմաններում, և բոլոր պատասխանատուները ջանք չեն խնայի անելու այն, ինչ կարող են։ Համայնքի անդամներին կհավատացնեմ, որ Աստծո կամքով՝ ամեն հարցը լավ լուծում կգտնի», - մասնավորապես ասված է հայտարարությունում։

Կիրակի օրը արքեպիսկոպոս Բեքչյանը Գերմանիա մեկնելուց առաջ Ստամբուլի Ֆերիքոյի հայկական եկեղեցում մասնակցել էր կիրակնօրյա պատարագին։ Դիմելով եկեղեցում հավաքված համայնքի անդամներին՝ նա հայտնել էր, որ չնայած առաջացած խնդիրներին ու արգելքներին, ինքը մոտ օրերս վերադառնալու է և տեր է կանգնելու իր պաշտոնին։

Անցած չորեքշաբթի պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքի տեղապահ էր ընտրվել, սակայն Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որով թուրքական իշխանությունները կարծես անօրինական են համարում կայացած ընտրությունները, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել՝ համայնքի մի ստվար հատված պնդում է, թե իշխանություններն այսպիսով միջամտում են իրենց ներքին գործերին՝ կրոնական առաջնորդ ընտրելու իրավունքին, ինչը հակասում է Թուրքիայի Սահմանադրությամբ ամրագրված աշխարհիկության սկզբունքին։

Պետության միջամտության անհիմն լինելու մասին է բարձրաձայնել նաև թուրքական խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Վերջինս գրավոր հարցում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ պահանջելով պարզաբանել, թե նահանգապետարանից ստացված գրությունը ո՞ր օրենքի հիման վրա է գրվել, հրահանգը ո՞ւմ կողմից է տրվել, ո՞րն է այս միջամտության իրական պատճառը։

Անցած տարվա հոկտեմբերի վերջին արդեն 9 տարի ծանր հիվանդության պատճառով փաստացիորեն անգործունակ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ուխտի լուծարումից հետո օրակարգ էր եկել նոր պատրիարքի ընտրության հարցը, և տեղապահի ընտրությունն, ըստ էության, առաջին քայլն է այդ խնդրի լուծման ճանապարհին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG