Մատչելիության հղումներ

«Ազատություն». - Նախ ուզում եմ Ձեզ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մասին հարցնել, Ձեզ համար է՞լ էր նա հերոսական կերպար։

Օհանյան. - Իհարկե մենք ցավ ենք ապրում, և կարծում եմ, որ նրա կատարածը մարդկային գործընթաց է, և չպետք է այդպես փոքրոգի լինեինք, որպեսզի այդքան հետապնդեինք Արթուրին։ Նրա կատարածն իր մարտական ընկերներին աջակցելն է, հաց տանելն է, ի վերջո «Հաց բերող» անունը նա ստացավ, մանավանդ որ նա մարտական գործողությունների մասնակից է, ազատամարտիկ է։ Ես ցավում եմ և ուզում եմ իմ սրտի խոսքը, սփոփանքը հայտնել իր հարազատներին։

«Ազատություն». - Եթե այսօր լինեիք պաշտպանության նախարար, թույլ կտայի՞ք, որ նրա աճյունը «Եռաբլուրում» ամփոփվեր։

Օհանյան. - Կարծում եմ, որ եթե ցանկություն կա հարազատների և նա ազատամարտիկ է, անպայման պետք է թույլ տալ։

«Ազատություն». - Ե՞րբ հատեց համբերության բաժակը, այսինքն՝ վերջին կաթիլը ո՞րն էր, որ որոշեցիք այլևս այս իշխանությունների հետ ճանապարհ չգնալ։

Օհանյան. - Անցած տարի աշնանը կառավարության ձևավորման ընթացքում ես հրաժարվեցի բարձր պաշտոններից և, գնահատելով իրադրությունը, երկար ժամանակ նայելով, թե ինչպիսի պետական համակարգ է ձևավորվել, ինչ սպառնալիքներ կան և ինչպիսի խաղի կանոններ և մթնոլորտ, ես ինձ համար որոշում ընդունեցի, որպեսզի նոր ուժով, նոր գործունեությամբ գնամ և հանուն մեր հայրենիքի իմ ջանքերը ներդնեմ, աշխատանք տանեմ։ Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը որ ինձ դրդել է, որ գնամ քաղաքական ճանապարհով, այն սպառնալիքն է, որը որ թույլ չի տալիս արդարություն և օրինականություն ձևավորել՝ դա քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճումն է։

«Ազատություն». - Պարոն Օհանյան, Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ինչո՞ւ դա տեղի չունեցավ Մարտի 1-ից հետո, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, Ձեր այսօրվա դաշնակից Րաֆֆի Հովհաննիսյանն էր հրապարակում պայքարում ընտրական կեղծիքների դեմ։

Օհանյան. - Մարտի 1-ին զինվորական եմ եղել և որպես Գլխավոր շտաբի պետ ենթարկվել եմ պաշտպանության նախարարին, ու այդ օրերին, եթե հիշում եք, օրինակ, Մարտակերտի շրջանում հակառակորդի կողմից դիրք գրավվեց, և մենք մեր խնդիրն ենք կատարել: Եվ ի վերջո, նաև յուրաքանչյուր ժամանակահատվածում հույս ես փայփայում, որ լավ կլինի, փոփոխություններ կլինեն, և այդ փոփոխությունները ես չեմ նկատել՝ տարեցտարի դրականը նվազել է, բացասական երևույթներն են ավելացել։

«Ազատություն». - Քաղբանտարկյալների մասին՝ Դուք ասում եք՝ «ես պաշտպանության նախարար էի և հրապարակում չէի հայտարարելու, որ երկրում կան քաղբանտարկյալներ», այնուամենայնիվ, առիթներ եղել են Ձեզ հարցնելու Ձեր պաշտոնավարման շրջանում և առնվազն Վոլոդյա Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի մասով Դուք հերքում էիք քաղաքական ենթատեքստը։

Օհանյան. - Ես գտնում եմ, որ մենք այսօր ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանում չլինեն ո՛չ քաղբանտարկյալներ, ո՛չ էլ խղճի բանտարկյալներ։ Հզոր մարդը մեծահոգի է լինում և հզոր մարդը տարբեր մանրուքների ուշադրություն չի դարձնում։

«Ազատություն». - Ապրիլյան պատերազմի օրերին եղե՞լ են բահով կռվող զինվորներ։

Օհանյան. - Ապրիլյան պատերազմի օրերին բահով կռվող զինվորներ չեն եղել։

«Ազատություն». - Պարոն Օհանյան, այս դաշինքի անունը Ռոբերտ Քոչարյանի հետ է պարբերաբար կապվում, ես ուղիղ հարցնեմ՝ Դուք ունենո՞ւմ եք հանդիպումներ երկրորդ նախագահի հետ։

Օհանյան. - Ես երկրորդ նախագահի հետ վերջին անգամ երևի հանդիպել եմ այն ժամանակ, երբ որ ծառայում էի բանակում՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Կարծեմ մեկ անգամ էլ հանդիպել եմ երկու տարի առաջ՝ տարբեր միջոցառումների ընթացքում։ Մեր դաշինքը իր հետ կապ չունի։

«Ազատություն». - Ձեզ «Սասնա ծռերի» քաջալերումը բանտից՝ անձամբ Ձեզ ուղղված և հատկապես Սեյրան Օհանյան-«Զորավար արմինիուս» այս զուգահեռը, Ձեզ դուր եկե՞լ է։

Օհանյան. - Մենք շնորհակալ ենք մեր ընկերներին, որ մեզ աջակցում են, քաջալերում են։ «Սասնա ծռերի» գործողությունները ճարահատյալ հուսահատությունից ընկած վիճակում են տեղի ունեցել, մենք դա հասկանում ենք, և ժողովրդի ընդվզումը, ժողովրդի աջակցությունը այն ժամանակահատվածում երևաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG