Մատչելիության հղումներ

«Հաց բերողի» մահը իշխանության խղճի՞ն է»


«Ազատություն»-ը զրուցել է իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

«Ազատություն». - Պարն Շարմազանով, ըստ էության, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղադրում են իշխանություններին՝ ընդգծելով, որ «հենց իշխանությունները սպանեցին Արթուր Սարգսյանին»։ Նրա մահը իշխանության խղճի՞ն է, թե՞՝ ոչ։

Շարմազանով. - Ի՞նչ։

«Ազատություն». - Արթուր Սարգսյանի մահը իշխանության խղճի՞ն է, թե՝ ոչ։

Շարմազանով. - Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Ես ունեմ այդ հարցի շուրջ իմ կարծիքը։ Ի՞նչ է նշանակում իշխանության խղճին է...

«Ազատություն». - Մեղավորություն ունի՞ իշխանությունը նրա մահվան մեջ։

Շարմազանով. - Մեղավորությունն ու պատասխանատուն տարբեր բաներ են։ Մեղավորություն ունի, թե՝ չունի, կպարզի հետաքննությունը։

«Ազատություն». - Իսկ պատասխանատվություն կրո՞ւմ է։

Շարմազանով. - Բոլոր երևույթների վերաբերյալ՝ բացասական և դրական, ցանկացած երկրում իշխանությունը կրում է պատասխանատվություն։

«Ազատություն». - Դուք Արթուր Սարգսյանի քայլը, երբ նա հաց էր հասցնում «Սասնա ծռերին», արդարացված համարո՞ւմ եք, թե՞՝ ոչ։

Շարմազանով. - Ես դատավոր չեմ, որ արդարացված համարեմ, թե չէ։ Հուլիսյան դեպքերի հետ կապված ես իմ կարծիքը հայտնել եմ՝ «Սասնա ծռերի» գործողությունը ես համարել եմ ահաբեկչական գործողություն։

«Ազատություն». - Նկատի ունեմ, Դուք նրա արածը հումանիստակա՞ն քայլ եք դիտարկում, թե՞՝ դիտարկում եք որպես աջակցություն Ձեր նշած «ահաբեկչական» գործին։

Շարմազանով. - Ցանկացած քրիստոնյա մարդ ցանկացած հումանիստական գործողությանը վերաբերում է դրական, իսկ կոնկրետ Արթուր Սարգսյանի գործողությունները չեմ մեկնաբանում, որովհետև կարծում եմ, որ այս փուլում իմ կարծիքի կարիքը չկա։ Ինչ վերաբերում է հուլիսյան դեպքերին՝ հուլիսյան դեպքերին ես տվել եմ իմ հստակ գնահատականը և կրկնակի անթույլատրելի եմ համարում սեփական երկրում, գրավելով ՊՊԾ գունդը, զենքով հարցեր լուծել։ Ինձ համար ՊՊԾ գնդի գրավումը և ՊՊԾ գնդի վրա հարձակումը հավասարազոր է մեր պետական սահմանի վրա հարձակման։

«Չեմ կարծում, որ յուրաքանչյուր կենցաղային վեճ պետք է քաղաքականացնել»

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որ որևէ մեկի մոտ կասկած չհարուցի, այսինքն՝ որևէ գործընթացով չպետք է ստվերվեն այդ ընտրությունները։ Մինչդեռ Ջրառատում տեղի ունեցան արյունալի իրադարձություններ՝ եղան վիրավորներ, և մասնակիցներից մեկն էլ իշխող Հանրապետականի անդամ գյուղապետն էր, կարծես թե, նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն էր ներգրավված, նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ի՞նչ եք կարծում, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի հորդորը տեղ չի հասնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անգամ դեսպանները արձագանքեցին այս միջադեպին։

Շարմազանով. - Չենք կարող ասել, որովհետև պարոն նախագահի հորդորը տեղ չէր հասնի, եթե իրավապահ մարմինները անգործություն ցուցաբերեին: Քրեական գործ է հարուցվել՝ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է և իրավապահ մարմինները օրենքի ողջ խստությամբ, օրենքի տառին համապատասխան կքննեն, հետաքննություն կկատարվի և բոլոր մեղավորները կպատժվեն։

«Ազատություն». - Իրավապահ մարմինների գործողությունները դնենք մի կողմ, նկատի ունեմ, ըստ էության, Ձեր կուսակիցների մասնակցությամբ է այս ամենը տեղի ունեցել։

Շարմազանով. - Ես կարծում եմ մի բան՝ 1200 թեկնածուներից ավելի թեկնածուներ կան և այդ 1200-ը ունեն իրենց աջակիցները, իրենց սատարողները, և չեմ կարծում, որ յուրաքանչյուր կենցաղային վեճ, ոչ քաղաքական, այլ կենցաղային վեճ, պետք է քաղաքականացնել։ Օրեր առաջ Ալավերդիում մեր աջակիցների վրա էլ է եղել հարձակում, բայց դա եղել է կենցաղային վեճ, բայց ես չեմ կարող կանգնել և «Ազատության» լրագրողին ասել, որ հանրապետականների վրա քաղաքական դրդապատճառներով հարձակվել են։

«Մենք զոռով աղջիկ ուզելու չենք գնա»

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, «Օհանյա-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, առաջարկ է արել քաղաքական բոլոր ուժերին՝ ընդդիմադիր, Ազգային ժողովում ընտրվելուց հետո պայմանավորվել, որ որևէ կոալիցիա չեն կազմի իշխող Հանրապետականի հետ, և նաև առաջարկել է մինչև ընտրությունները հուշագիր ստորագրել։ Կարելի է ասել, որ քաղաքական ուժերը հիմնականում բացառել են իրենց համագործակցությունը իշխող Հանրապետականի հետ։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այնպիսի մի սցենար, որ, ի վերջո, Հանրապետականը փոքրամասնություն դառնա ընտրություններից հետո։

Շարմազանով. - Բոլոր այն ուժերը, ովքեր որ բացառում են Հանրապետականի հետ համագործակցությունը, եթե նման կարծիք կունենան, բնականաբար, մենք զոռով աղջիկ ուզելու չենք գնալու։ Այնպես չէ, որ Հանրապետականը բոլոր քաղաքական ուժերի հետ պետք է հաջողության դեպքում կազմի կոալիցիա։ Այս փուլում մենք ունենք Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հետ կոալիցիոն հուշագիր, հուսով ենք, որ Հանրապետականը և Դաշնակցությունը հաջող քարոզարշավի ընթացքում տեղ կունենան պառլամենտում, և եթե հանրությունը վստահի և մենք ունենանք մեծամասնություն, մենք կշարունակենք այս համագործակցությունը։ Կլինե՞ն այլ ուժեր, թե՞՝ չէ, քանի որ կա Ընտրական օրենսգրքով սահմանափակում՝ մինչև երեք կոալիցիոն ուժ պետք է լինի, երրորդ ուժի համար, բնականաբար, այն ուժի հետ կկազմենք, կամ չենք կազմի, որոնց հետ գաղափարական և ծրագրային դրույթները կլինեն ընդհանուր, և փուլում, ես կարծում եմ, որ դեռևս ժամանակավրեպ է խոսել հետընտրական զարգացումների մասին և այս իմաստով Ձեր նշած քաղաքական ուժը, որը որ հանդես է եկել հայտարարությամբ, շտապողականություն է ցուցաբերել, մի՞գուցե սա նաև կապված է նրանց ոչ-փորձառու լինելու հանգամանքով։ Ընտրություններից հետո մի հատ տեսնենք, թե քանի ուժ է մտել խորհրդարան, և մինչև երեքը չի նշանակում, որ պարտադիր պետք է լինի երեք, կարող է լինել մեկ, երկու, երեք՝ մինչև երեք պետք է լինի կոալիցիան։ Ապրիլի 2-ին ամեն ինչ պետք է անենք իր հերթով, հիմա դրա ժամանակը չէ։

«Ազատություն». - Հնարավոր համարո՞ւմ եք, որ զարգացումների բերումով Հանրապետականը փոքրամասնություն լինի։

Շարմազանով. - Չեմ մտածել այդ ուղղությամբ, որոշողը ժողովուրդն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG