Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, երեկ Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի հայ համայնքի հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա էին Վեհափառին ուղեկցող պատվիրակության անդամները, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը և Շվեդիայում ու Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը:
Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի երկրների Հայրապետական պատվիրակն ընդգծել է այն դրական տեղաշարժերն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել Ֆինլանդիայի հայորդյաց կյանքում վերջին մի քանի տարիներում:
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում հատկապես կարևորել է համայնքի կազմակերպվածության ու համախմբման ոգին՝ մասնավորապես ասելով․ - «Մեր մաղթանքն է, որ դուք մոտ ապագայում ևս կարողանաք համախմբվել ու կազմակերպվել՝ պահպանելու համար ձեր հայ քրիստոնեական ինքնությունը, ազգային արժեքների ու մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությունը փոխանցելով ձեր զավակներին»։
Հանդիպման ավարտին Վեհափառը, օրհնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, նաև լսել է նրանց առաջարկները և պատասխանել ներկաների հարցերին: