Մատչելիության հղումներ

Երևանում տեղի ունեցավ հանրահավաք և երթ` ի հիշատակ Արթուր Սարգսյանի


Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ հանրահավաք ի հիշատակ որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի: Հանրահավաքի մասնակիցները այնուհետև երթով անցան Երևանի մի շարք փողոցներով, Հանրապետության հրապարակով և վերադարձան Ազատության հրապարակ:

Հանրահավաքի մասնակիցները երեք պահանջ էին առաջ քաշել. «Հաց բերողին» հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում, պատժել բոլոր այն մարդկանց, ովքեր մեղավոր են Արթուր Սարգսյանի մահվան համար և նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Վաղը երեկոյան Ազատության հրապարակում կրկին մարդիկ են հավաքվելու` պահանջելով Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուրում»:

Հիշեցնենք` անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տանել գնդի տարածք։

Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին․ ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ` վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների փոխանցմամբ մահացել էր սիրտ-անոթային սուր անբավարարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG