Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը անդրադառնում է ընտրակաշառքի մասին «բազմաթիվ տեղեկություններին»


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անդրադառնում է ընտրակաշառքի և ընտրողների վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ մտահոգություններին։

«Դիտորդական առաքելության տեղացի զրուցակիցների մեծ մասը բարձրաձայնել է ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ տեղեկությունների մասին։ Կա նաև ընդհանուր ընկալում, որ քարոզարշավի ընթացքում ճնշումներ և ահաբեկումներ կկիրառվեն, այդ թվում վարչական ռեսուրսի միջոցով», - հայտարարում են մարտի 17-ին հրապարակված միջանկյալ զեկույցի հեղինակները։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր երկարատև դիտորդական առաքելությունը սկսել է փետրվարի 21-ին՝ այդ ընթացքում հանդիպելով նախագահի, արդարադատության նախարարի, այլ պաշտոնյաների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Երկարաժամկետ առաքելության կազմում 14 փորձագետ և 28 դիտորդ է ներգրավված, որոնք աշխատում են Հայաստանի ողջ տարածում։

Խորհրդարանական ընտրությունները կարգավորվում են համապարփակ, սակայն բարդ օրենսդրությամբ, որը նշանակալիորեն բարելավել է 2016-ին, նկատում են միջազգային դիտորդները։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գնահատվել է որպես քայլ առաջ՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու գործում։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մի շարք առաջարկություններ ընդունվել են։ Զեկույցում նշվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գործընթացի սկզբում մասնակցում էին ընտրական օրենսդրության քննարկումներին, սակայն հավանություն չեն տվել վերջնական տեքստին, քանի որ քաղաքացի դիտորդների նկատմամբ սահմանափակումները մեղմացնելու նրանց հորդորը չի ընդունվել։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի որոշ զրուցակիցներ մտահոգություն են հայտնել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները չեն կարողանա պատշաճ կարգով կյանքի կոչել քվեարկության նոր կարգը։

Դիտորդական առաքելության զրուցակիցները ընդհանուր առմամբ դրական են գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտությունը։ Ընտրության օրը ընտրակեղծարարություն կանխելու համար քվեարկողները նույնականացվելու են ընտրողների նույնականացման էլեկտրոնային սարքերով։ Սարքերի կիրառումը ողջունել են դիտորդական առաքելության զրուցակիցները, սակայն ծրագրային ապահովման ուշ տեղադրման և փորձարկման պատճառով մտահոգություններ կան ընտրությունների օրը դրանց պատշաճ աշխատելու հետ կապված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ թերությունները շտկելու ուղղությամբ քայլեր կատարում է։

Անդրադառնալով լրատվամիջոցներին՝ զեկույցի հեղինակները ընդգծում են, որ ԶԼՄ միջավայրը բնորոշվում է սահամանափակ գովազդային շուկայով, որտեղ միայն մի քանի լրատվամիջոցներ են ինքնաբավ։ Հիմնական կոմերցիոն հեռուստաալիքները ֆինանսավորվում են բիզնեսների և քաղաքական խմբերի կողմից և մեծապես ասոցիացվում են իշխանության հետ, ինչպես օրինակ Հանրային հեռուստաալիքը։ Լրագրողները դիտորդներին տեղեկացրել են, որ առկա է միջամտություն խմբագրական ինքնուրույնության նկատմամբ, կա նաև ինքնագրաքննություն, իսկ հեռուստաալիքներում իշխանության մասին քննադատական ռեպորտաժները չեն ողջունվում։

«Ինտերնետի ազատությունը չի սահմանափակվում, առցանց լրատվամիջոցները նպաստում են քաղաքական բազմակարծության և իշխանությունների մասին քննադատական հաղորդումների ավելացմանը։ Միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող որոշ ինտերնետային լրատվամիջոցներ խորքային և հետաքննական լրատվություն են տրամադրում։ Իրավապահ մարմինների կողմից լրագրողների նկատմամբ վերջին մի քանի բռնությունները քրեական հետապնդման առարկա չեն դարձել», - նաև նշում են միջանկյալ զեկույցի հեղինակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG