Մատչելիության հղումներ

Արման Սահակյան․ Տեղի ունեցածը միջանձնային բնույթի է և որևէ աղերս չունի ընտրարշավի հետ


Պետական գնումների գործակալության պետ, պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը, արխիվ:

Երեկ երեկոյան մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում՝ միմյանց հարևանությամբ գտնվող ՀՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախընտրական շտաբի և «Ծառուկյան դաշինքի» թեկնածու, պատգամավոր Վահան Կարապետյանի տան մոտակայքում տեղի ունեցածի շուրջ առայժմ հակասական հայտարարություններ են հնչում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում Հանրապետական կուսակցության թեկնածու, Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ:

Այսօր ավելի ուշ, սակայն, էլիզբարյանը էջից հեռացրել է այդ հայտարարությունը, իսկ Վահան Կարապետյանը, ըստ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, բացատրություն է տվել դեպքի առնչությամբ՝ նշելով, որ միջադեպ տեղի չի ունեցել, ինքը պարզապես ընկել է: Ոստիկանությունը, սակայն, շարունակում է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստել։

Վահան Կարապետյանը մեր այցելության պահին Աջափնյակում գտնվող իր նախընտրական շտաբում էր, սական խոսել չցանկացավ: Փոխարենը խոսեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը․ - «Չի ցանկանում: Խոսելու բան չկա երևի․․․ Ինչի՞ մասին խոսենք: Մենք արդեն չորրորդ ամիսն է նույն բանի մասին խոսում ենք․․․ Սրա հիմքում դրված է Ընտրական օրենսգիրքը, որ բոլորը միմյանց հետ պիտի կռվեն, բոլորը պիտի թշնամանան»:

Հարցին, թե ինչպես են նման պայմաններում շարունակելու քարոզարշավը, Խաչատրյանը պատասխանեց․ - «Ստիպված ենք։ Մենք ո՛չ վախկոտ ենք, ո՛չ փախնող ենք, ո՛չ թույլ ենք, որպեսզի հետ կանգնենք: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Բայց ափսոս ենք մենք․ վաղը էս մարդիկ, եթե խրամատում հանդիպեն միմյանց, ես չգիտեմ, իրար վրա՞ կկրակեն առաջինը, թե՞ թուրքի վրա»:

Դիտարկմանը, որ ոստիկանությունում Վահան Կարապետյանը բացատրություն է տվել, թե ընկել է, և հարցին, թե ինչու չի նշել, որ միջադեպ, այդուհանդերձ, եղել է, Լյովա Խաչատրյանն արձագանքեց․ - «Ունե՞ք դատաիրավական համակարգ: Դուք տեսե՞լ եք մի տեղ արդար դատավարություն: Նման դատաիրավական համակարգի դեպքում այլ բանի մասին խոսելն իմաստ ունի՞»:

Վահան Կարապետյանի կինը՝ Սառա Մելքոնյանը չցանկացավ միջադեպի մասին պատմել: Փոխանցեց, որ ամուսինն իրեն լավ է զգում՝ հավելելով, որ այդուհանդերձ մտահոգ է․ - «Հայի նման իրար վերաբերվեն, ոչ թե թշնամու: Շատ վատ ա, սենց բան չի կարելի․․․ Ամեն մարդ թող իրա գործը անի, բայց ոչ թե սենց ուժի գործոններ անեն, ինչ-որ բաներ անեն»:

Աջափնյակի այն հատվածում, որտեղ տեղակայված է Արման Սահակյանի շտաբը և որից քիչ հեռու, գրեթե հարևանությամբ գտնվում է Վահան Կարապետյանի տունը, մարդիկ զգուշանում էին որևէ բան պատմել երեկվա միջադեպից՝ կամ պնդելով, թե ոչինչ չի եղել, կամ ասելով, թե իրենք ներկա չեն եղել:

Տեղի բնակիչներից երկուսը, այնուամենայնիվ, չնկարահանվելու պայմանով պատմեցին, որ երեկ երեկոյան իրոք լուրջ ծեծկռտուք է եղել․ - «Նեղելը ո՞րն ա․․․ Ծեծել, ջարդել, գցել են․․․ Վերակենդանացումից թողել, եկել ա տուն: Հարևան տղա ա, մենք վատ բան չենք տեսել իրանից: Աղմուկ լսեցինք, պատուհանից տեսանք կռիվ ա․․․ Լույսերն էլ անջատեցին, ոչ մի բան չէր երևում: Լակոտներ, ամեն մեկի ձեռը փայտեր․․․ շատ-շատ էին»:

Հանրապետական կուսակցության Աջափնյակի շտաբի հավաստմամբ՝ երեկվա միջադեպը «աղերս չունի ընտրությունների հետ»։ Այսօր նույնը պնդեց նաեւ Աջափնյակում հանրապետականի թեկնածու Արման Սահակյանը, որ Ազգային ժողովին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է: Նա հերքում է իր և իր թիմակիցների մասնակցությունը միջադեպին:

«Հերքում եմ իմ առնչությունը այդ միջադեպի առնչությամբ: Եվ ոչ միայն իմ, այլ նաև իմ թիմակիցների: Տեղի ունեցածը միջանձնային բնույթի է և որևէ աղերս չունի ընտրարշավի կամ քաղաքական պրոցեսների հետ: Իմ տեղեկություններով, տեղի է ունեցել միջադեպ, որը կենցաղային բնույթի է, միջանձնային հարաբերությունների պարզման խնդիր է, և հենց իրենց թիմակիցների միջև: Մեր թիմակիցների հետ․․․ ընդամենը տեղի է ունեցել միջադեպը մեր երթաշտաբերից մեկի մոտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արման Սահակյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է շրջանառվում իր անունը, Սահակյանն արձագանքեց․ - «Դուք գիտեք, որ ընտակարգը, ընտրաձևը ռեյտինգային է: Գուցե շատ քաղաքական ուժեր կամ թեկնածուներ ինձ համարում են երևի թե Աջափնյակում ամենառեյտինգայիններից մեկը, դրա համար էլ էսպիսի լուրեր են տարածվում»:

XS
SM
MD
LG