Մատչելիության հղումներ

Դատախազությունը հանձնարարել է ստուգել Աջափնյակում ԲՀԿ-ական պատգամավորի հետ կատարվածի իսկությունը


Գլխավոր դատախազը Ոստիկանությանը հանձնարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ փոխանցեց․ «Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու «Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը»:

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին», - գրել է Էլիզբարյանը՝ շարունակելով. - «Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը: Տեղեկացնեմ նաև, որ Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛ Վահանը և թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG