Մատչելիության հղումներ

Միլս․ «Վերջնական գնահատական տալիս քննության ենք առնելու ընտրական գործընթացի բոլոր ասպեկտները»


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

Նախօրեին «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: ՀՎԿ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հայաստանում նախընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Բաղդասարյանն ընդգծել է ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը և նշել է, որ կարևորում է ընտրությունների համապարփակ վերահսկողության հարցում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների դերը:

Անդրադարձ է կատարվել քվեարկության գաղտնիության պահպանման, ընտրությունների արդյունքների էլեկտրոնային եղանակով ամփոփման և այլ հիմնախնդիրների:

Դեսպանի առաջարկով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է նաև կուսակցության նախընտրական ծրագրի քաղաքական առաջնահերթությունները, ընտրական գործընթացի դրական և բացասական կողմերը:

Իր հերթին ԱՄՆ դեսպանը, մասնավորապես, նշել է. - «Հուսով ենք, որ տեղամասերում տեղադրված նոր տեխնիկական սարքավորումները կնվազեցնեն ընտրակեղծիքների հնարավորությունները քվեարկության օրը և նաև կօգնեն մեծացնել ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի ու ընտրության արդյունքների նկատմամբ: Կարևոր է սակայն հիշել, որ ընտրակեղծիքները չեն սահմանափակվում միայն նրանով, ինչ տեղի է ունենում քվեարկության օրը ընտրատեղամասում: Դրանք կարող են նաև ստվեր նետել ներկայումս Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ընթացող ընտրարշավի մթնոլորտի վրա: Ընտրությունների վերաբերյալ վերջնական գնահատական տալիս թե՛ մենք, թե՛ միջազգային հանրության մնացյալ մասը քննության ենք առնելու ընտրական գործընթացի բոլոր ասպեկտները՝ ընտրարշավի ընթացքից մինչև քվեարկություն ու ձայների հաշվարկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG