«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը հայտարարում է, որ որպես հարգանքի տուրք «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակին այսօր՝ մարտի 17-ին, չի իրականացնի որևէ նախընտրական քարոզչություն:
«Մենք մեր մտքերով վաղը կլինենք Արթուրի հետ: Մենք նաև գտնում ենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է և չի կարող անհետևանք մնալ և պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման, այլ համախմբման և համատեղ պայքարի: Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի և նրա առողջ ուժերի համախմբման և իշխանափոխություն իրականացնելու հրամայականով», - ասված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի երեկվա հաղորդագրությունում։
Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։
Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին․ ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Ազատ արձակվելուց տասն օր անց նա մահացավ։ Մահվան նախնական պատճառը, ըստ բժիշկների, սիրտ-անոթային սուր անբավարարությունն է։