Մատչելիության հղումներ

Դատախազություն. Ստուգվում են Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ստուգվում են Արթուր Սարգսյանի մահվան հանագամանքները։

«Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի սահմաններում ընդունվել է «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունք՝ «աճուկային օղակած ճողվացք» նախնական ախտորոշմամբ:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունից հետո Արթուր Սարգսյանի մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին ժամը 00:00-ի սահմաններում վերջինս տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Արթուր Սարգսյանի շնչառական խնդիրները վերականգնելու նպատակով ձեռնարկվել են բժշկական միջոցառումներ:

Մինչ ժամը 15:40-ը Արթուր Սարգսյանի մոտ շնչառական խնդիրների կարգավորում տեղի չի ունեցել, ապա արձանագրվել է սրտի կանգ և կլինիկական մահ: Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը», - ասված է հաղորդագրությունում:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարավել է նույն վարչական շրջանի քննչական բաժնին՝ Ա. Սարգսյանի մահվան հանագամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG