Մատչելիության հղումներ

Լավրով․ Հայ-թուրքական սահմանի բացումը դրական կազդի ամբողջ տարածաշրջանի վրա


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Երեկ ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Մոսկվա, իսկ այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, ինչպես կայքում է նշված, Regional Post-Caucasus հայկական հանդեսին։

Նախ արձանագրենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այնքան էլ հաճախ հարցազրույցներ չի տալիս հայկական ամսագրերին։ Ամեն դեպքում, հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադառնում է երկու թեմայի միայն՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին ու Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումներին և հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։

«Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ դիտարկել որպես մի գործընթաց, որ ուղղված է ուրիշ երկրների դեմ։ Հույս ունենք, որ ռուս-թուրքական երկկողմ գործակցության փուլային վերականգնումը կնպաստի Անդրկովկասում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը», - հայտարարել է Լավրովը:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի փակ լինելուն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Մոսկվան միայն կողջունի, եթե Եվրասիական միության սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար։

«Սա, ինչ խոսք, դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի համար։ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ուներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում 2007-2009 թվականներին։ Իհարկե, նախ և առաջ Անկարայի և Երևանի ձեռնարկած ջանքերի արդյունքում ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։ Ցավոք, այնուհետև այդ գործընթացը կանգ առավ», - ասել է Լավրովը:

«Սակայն չափազանց կարևոր է, որ կողմերը՝ Անկարան և Երևանը, պայմանավորվելու և լուրջ պատասխանատու որոշումներ ընդունելու կարողություն ցուցաբերեն։ Համոզված եմ, որ Երևանն ու Անկարան կարող են կարգավորել առկա խնդիրները։ Շատ բան հենց Հայաստանից և Թուրքիայից է կախված։ Երբ Անկարան և Երևանը նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի ցույց տալ ակտիվ աջակցություն կողմերին», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG