Մատչելիության հղումներ

Օլանդ․ Վաղուց ժամանակն է առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման գործում


Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Փարիզում, արխիվ
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Փարիզում, արխիվ

Վաղուց ժամանակն է առաջընթացի հասնել և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գտնել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Փարիզում ի պատիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ տրված ընթրիքի ժամանակ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օլանդը նշել է, որ բանակցություններն ընթանում են արդեն 23 տարի, սակայն կողմերը որևէ արդյունքի չեն հասել: «Ստատուս քվոյից վատ բան չկա: 2016 թվականի ապրիլին կատարվածը և մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բախումները ապացուցում են, որ այդ հակամարտությունը երբեք չի դադարել», - ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Գիտեք, թե որքան շատ ջանքեր է գործադրում Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահների հետ: Ես դա ասել եմ մի քանի օր առաջ Փարիզ այցելած նախագահ Սարգսյանին, կկրկնեմ նաև Ձեր առջև․ այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ, անդադրում կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել: Այդ ջանքերը հիմնվում են տարածքային ամբողջականության և ինքնորոշման, ինչպես նաև ռազմական ճանապարհներից խուսափելու սկզբունքների վրա: Ֆրանսիան պատրաստ է ամենայն նախաձեռնություն ցուցաբերել այդ շրջանակներում», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Ալիևը, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անվանել է «ամենացավոտ հիմնախնդիրը տարածաշրջանում»: Հերթական անգամ նա մեղադրանքներ է ուղղել Հայաստանին, հայտարարել, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հողն է»: «Մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել», - պնդել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG