Մատչելիության հղումներ

Օլանդ. Ֆրանսիան կարող է օգտակար լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում


Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, Փարիզ, 8-ը մարտի, 2017թ.
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, Փարիզ, 8-ը մարտի, 2017թ.

Երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են ղարաբաղյան խնդիրը, միջազգային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։

«Մենք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք։ Ուզում ենք գտնել պարտադիր քաղաքական լուծում և խուսափել վերջին ամիսների և շաբաթների ողբերգական միջադեպերի կրկնությունից։ Անհրաժեշտ է մշակել մեխանիզմ, որը թույլ կտա իրականացնել դիտորդական առաքելություն և կանխարգելել այն գործողությունները, որոնք խաղաղության դեմ են ուղղված», - ասել է Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում։

Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը։ Հիշելով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով իր «հուզիչ այցը» Երևան, նա շեշտել է. - «Ես ցանկանում էի իմ ներկայությամբ հաստատել, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»։

Օլանդը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը։ Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն նման մոտեցումներ մի շարք, այդ թվում՝ Հարավային Կովկասին առնչվող հարցերի շուրջ։

Բանակցությունների արդյունքում կնքվել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր։

Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպել է նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG