Մատչելիության հղումներ

ՕՐՕ դաշինքը զգուշացնում է «անկանխատեսելի քաղաքական հետևանքների» մասին


Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը զրուցում են լրագրողների հետ, Երևան, 14-ը մարտի, 2017 թ․
Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը զրուցում են լրագրողների հետ, Երևան, 14-ը մարտի, 2017 թ․

Դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը Ջրառատում կատարվածը «նախընտրական բանդիտիզմ է» որակում:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Ջրառատի դեպքերի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում «միմյանց հաջորդող զինված միջադեպերի ընթացքը» համարում է «երկրում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք, որը հղի է անկանխատեսելի քաղաքական հետևանքներով»:

Դաշինքը իրավապահ մարմիններից պահանջում է «անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ»: Հակառակ դեպքում «տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կընկնի կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա, որը փորձ է անում վախի մթնոլորտում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ նպատակ հետապնդելով թույլ չտալ նրանց ազատ կամարտահայտությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում»:

Ավելի վաղ, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներ, պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը ևս, որոնք այսօր այցելել էին «Էրեբունի» ԲԿ, տեսակցելու իրենց վիրավոր համակիրներին, որոշ գնահատականներ ներկայացրին կատարվածի առնչությամբ:

Հիվանդանոցից դուրս գալիս, լրագրողների հետ զրույցում, նրանք նաև նոր մանրամասներ ներկայացրին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Վերջիններիս պնդմամբ, միջադեպն ամբողջությամբ նախապես ծրագրված է եղել․ նախ դպրոցում ճնշումներ են գործադրվել 17-ամյա երիտասարդի նկատմամբ «լոմով» հարվածել ոու կոտրել են ձեռքը, իսկ դրանից հետո, ըստ պատգամավորների, գյուղում դարանակալած տասնյակ զինված մարդիկ հարձակվել և ծեծի են ենթարկել Մելքոնյան ընտանիքի անդամներին: Ի դեպ, նրանցից մեկը նախկինում առաջադրել է իր թեկնածությունը Ջրառատի գյուղապետի պաշտոնում և մրցակցել է գործող գյուղապետ, հանրապետական՝ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդու հետ:

«Եթե մի բառով ասեմ՝ սա նախընտրական բանդիտիզմ է, դժվար է այլ տերմին ընտրել սրա համար: Սա սարսափի մթնոլորտ տարածելու փորձ է: Նախապես ասեմ, որ մենք մեր ճանապարհով գնալու ենք, նախընտական հանդիպումները շարունակվելու են, անկախ իրենց արածից: Բայց ինձ համար հռետորական հարց է առաջանում՝ ինչու՞ է այս բոլոր դեպքերի մեջ Հանրապետական կուսակցության մատը խառնված, և արդյոք՞ իրենք այս ամենից հետևություն անելու են»,- հարց տվեց Մարգարյանը:

Ըստ նրա, եթե դեպքը լինում է նախընտրական հանդիպման ժամանակ, երբ գյուղապետն «ինքն է սադրում և ղեկավարում» միջադեպը, ուրեմն այդ ամենն ուղղված է հենց դաշինքի դեմ: Էլինար Վարդանյանն, իր հերթին, հավելեց․ «Սա ամենաթողության հետևանք է: 2 օր առաջ տեղի ունեցած իրադարձությանը երբ տրվում է միակողմանի գնահատական, արդյունքը լինում է հետևյալը: Այսինքն՝ հասկանում են, որ իրենց ամեն ինչ կարելի է: Որ կարելի է դա անել գյուղապետարանում, իսկ դա համայնքի շենքն է: Ավելին՝ գյուղացիները մեզ պատմեցին, որ այս ամենը եղել է որոշ ոստիկանների ներկայությամբ: Եվ միայն կրակոցից հետո է, որ փորձել են զենք ունեցողին վնասազերծել»:

Մելքոնյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ միջադեպը «հրահրված» է եղել: «Ամբողջ խնդիրն այն է, որ ոստիկանության բարձր մակարդակով նման հանցագործություններ են տեղի ունենում արդեն քանի օր, իսկ ոստիկանապետը որևէ կոնկրետ հայտարարություն չի արել, կոնկրետ գործողություն չի կատարել: Թողտվությունը ծնեց ևս մեկ հանցագործություն»,- հայտարարեց Ինեսա Պետրոսյանը:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG