Մատչելիության հղումներ

Հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել 4 հոգի․ ՕՐՕ-ի հայտարարությունը` Ջրառատի դեպքերի կապակցությամբ


«Օհանյան-ՐԱֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել Ջրառատում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

«Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Հնչել են կրակոցներ: Ակտիվիստների ջանքերով կրակողը՝ Լեռնիկ Երանոսյանը վնասազերծվել է:

Միջադեպից հետո բերման են ենթարկվել բացառապես դաշինքի կողմնակիցները: Ավելին, իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակի հետագա լարումը թույլ չտալու համար:

Արդյունքում, մարտի 14-ին ՀՀԿ-ականները հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում դեպքի վայրում ներկա են եղել նաև ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կրկին որևէ քայլ չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Հարձակման հետևանքով հրազենային և այլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել չորս հոգի, այդ թվում մեկ պատանի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում:

Միմյանց հաջորդող զինված միջադեպերի ընթացքը երկրում տիրող անպատժելիության արդյունքն է, որը հղի է անկանխատեսելի քաղաքական հետևանքներով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունները և իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կընկնի կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա, որը փորձ է անում վախի մթնոլորտում պահել ՀՀ քաղաքացիներին` նպատակ հետապնդելով թույլ չտալ նրանց ազատ կամարտահայտությունը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG