Մատչելիության հղումներ

Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություններ են


Նիդերլանդներ - Նախընտրական Ամստերդամ, 14-ը մարտի, 2017թ․

Այսօր Նիդերլանդների քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան 12 միլիոն քաղաքացիները կընտրեն խորհրդարանի ստորին պալատի 150 անդամներին: Այս ընտրությունները միջազգային հանրության լուրջ ուշադրությանը հազիվ թե արժանային, եթե քարոզարշավի վերջին փուլում այս երկիրը չհայտնվեր միջազգային սկանդալի կիզակետում` կտրուկ կերպով վատթարացնելով հարաբերությունները Թուրքիայի հետ:

Իսլամական աշխարհի, նախևառաջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման իր քարոզարշավի ընթացքում ակտիվորեն շահարկում էր հատկապես հոլանդացի ազգայնականների առաջնորդ Գերտ Վիլդերսը: Անցած շաբաթ նա իր կողմնակիցների հետ բողոքի ակցիա կազմակերպեց Հաագայում` թուրքական դեսպանատան առջև: Երկուշաբթի օրն էլ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հեռուստաբանավեճի ընթացքում Վիլդերսը հայտարարեց, թե Թուրքիայի հանդեպ Նիդերլանդները շատ կոշտ մոտեցում պետք է որդեգրի:

«Բնական է, որ Էրդողանի պահվածքն ինձ խիստ նյարդայնացնում է: Բայց մեր երկրում գոյություն ունեցող հինգերորդ շարասյունը, մեր արժեքները ոտնահարող և մեր հանրությանն ինտեգրվել չցանկացող մարդիկ ի հայտ են եկել ձեր իսկ մեղքով», - դիմելով Նիդերլանդների վարչապետին՝ հայտարարում էր ազգայնականների առաջնորդը, պնդելով, թե երկրում բնակվող մոտ 100 հազար մահմեդականներ ծայրահեղ իսլամիստական հայացքներ են դավանում: «Այդ մարդկանց քանակը կրկնապատիկ ավելին է, քան Նիդերլանդների զինված ուժերի թվաքանակը», - հայտարարում էր Վիլդերսը:

Ազգայնականների քարոզարշավի մյուս առանցքային կետը այսպես կոչված «Նեքզիթ»-ն էր` Նիդերլանդների կողմից Եվրամիությունը լքելու գաղափարը: «Նեքզիթ»-ը լավագույն լուծումն է լինելու մեզ համար», - ասում էր Գերտ Վիլդերսը:

Նիդերլանդների գործող վարչապետ Մարկ Ռյուտեն քվեարկությանը նախորդող օրերին երկրի քաղաքացիներին կոչ էր անում մասնակցել ընտրություններին` պոպուլիստների և ազգայնականների հաղթանակը կանխելու համար, երբեմն` մարզական բառապաշարի անցնելով:

«Այս ընտրությունները կարելի է բնութագրել որպես յուրատեսակ քառորդ եզրափակիչ, որի ընթացքում մենք պետք է պարտության մատնենք պոպուլիստներին: Կիսաեզրափակիչները ապրիլին և մայիսին Ֆրանսիայում կայանալիք [նախագահական ընտրությունների] քվեարկություններն են, իսկ եզրափակիչը սեպտեմբերին նախատեսված Գերմանիայի [Բունդեսթագի] ընտրություններն են: Իմ ցանկությունն է, որպեսզի Նիդերլանդները առաջին երկիրը դառնա, որտեղ հնարավոր կլինի պատնեշ կառուցել վնասաբեր պոպուլիզմի առջև», - հայտարարում էր Նիդերլանդների վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG