Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլի. «Բաթումիի անկարգությունները ապակառուցողական ընդդիմության սադրանքն էին»


Վրաստան - Մարտի լույս 12-ի գիշերվա իրադարձությունները Բաթումիում
Վրաստան - Մարտի լույս 12-ի գիշերվա իրադարձությունները Բաթումիում

Վրաստանի կառավարության անդամները վստահ են` Բաթումիում մարտի լույս 12-ի գիշերը տեղի ունեցած բախումները լավ մտածված սադրանք էին, որից փորձեցին օգտվել աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում պարտված ընդդիմության ներկայացուցիչները: Այս մասին ոստիկանության և մի քանի հարյուր բաթումցի երիտասարդների միջև ծագած բախումների մեկնարկից մի քանի ժամ անց հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ բախումները Աջարիայի մայրաքաղաքում սկիզբ առան շաբաթ երեկոյան` պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանների և մի խումբ երիտասարդների միջև ծագած վիճաբանությունից հետո, որն արագորեն վերածվեց զանգվածային ծեծկռտուքի:

«Ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ապակառուցողական քաղաքական ուժերը կենցաղային միջադեպն օգտագործեցին իրադրությունը սրելու նպատակով: Այդ ուժերը իրենց նպատակներին հասնելու համար որևէ խոչընդոտի առջև կանգ չեն առնում` ընդհուպ մինչև պետության հիմքերի խարխլումը: Քաղաքական այդ ուժերը խրախուսում են վանդալիզմի ակտերը` օգտվելով այն հանգամանքից, որ իշխանությունները ոստիկանությանը հրահանգել էին նվազագույն արձագանքման ռեժիմում գործել», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը:

Մի քանի ժամ շարունակվող զանգվածային անկարգությունների ընթացքում Բաթումիի ոստիկանությունն իրոք նախանձելի զսպվածություն էր ցուցաբերում` միայն ծայրահեղ դեպքերում դիմելով հատուկ միջոցների օգնությանը: Նույնիսկ այն պահին, երբ ամբոխը հարձակում էր գործել Բաթումիի ոստիկանության վարչության շենքի վրա` հրկիզելով դրա դիմաց կայանված մեքենաներից մի քանիսը, իրավապահները գերադասեցին զերծ մնալ ցուցարարների դեմ խիստ միջոցների, ասենք՝ ջրցան մեքենաների կիրառումից:

Սա էր թերևս պատճառը, որ անկարգությունների ընթացքում վիրավորվածների ուղիղ կեսը` 15 հոգին, ոստիկանության աշխատակիցներ էին: Բաթումիի ոստիկանությանը միայն կիրակի վաղ առավոտյան հաջողվեց իրավիճակը վերահսկելի դարձնել` ձերբակալելով անկարգությունների մոտ չորս տասնյակ մասնակիցների: Կիրակի առավոտյան Բաթումի ժամանեցին նաև կառավարության ղեկավարները` վարչապետ Կվիրիկաշվիլիի և փոխվարչապետ Կախա Կալաձեի գլխավորությամբ:

«Այն, ինչ տեղի ունեցավ, վանդալիզմի դրսևորում էր: Ցավալի է,որ քաղաքական ուժերից մեկը բախումների օրը, ողջ երեկո իր աջակցությունն ու համերաշխությունն էր հայտնում վանդալիզմի ակտերին», - հայտարարում էր Կախա Կալաձեն:

Վրացական մամուլի հրապարակումների համաձայն՝ քաղաքական ուժը, որին ակնարկում են կառավարության անդամները, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումն է: Քաղաքական այս ուժի ղեկավարներից մեկը` Զազա Բիբիլաշվիլին, ներկայացվող մեղադրանքները աբսուրդային է որակում:

«Վարչապետն ուղիղ եթերում խոսում էր ինչ-որ ապակառուցողական ուժերի մասին: Դա կատարյալ անհեթեթություն է: Իշխող «Վրացական երազանք»-ը, որին ավելի ճիշտ կլինի «Ռուսական երազանք» անվանել, քաղաքական հակառակորդներին է մեղադրում սադրանքների մեջ», - նշում էր Բիբիլաշվիլին:

Ի դեպ, Սաակաշվիլիի կողմնակիցները Բաթումիի իրադարձությունների իրենց վարկածն են առաջ քաշում` պնդելով, որ Աջարիայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների իրական պատճառը երկու ազդեցիկ ուժային կառույցների` պարեկային ոստիկանության և պետանվտանգության ծառայության տեղի ղեկավարների միջև առկա լարված հարաբերություններն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG