Մատչելիության հղումներ

Բախումներ Բաթումիում՝ տեղի բնակիչների և ոստիկանների միջև


Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի բնակիչների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունների հետևանքով ավելի քան 20 մարդ տուժել է, այդ թվում՝ 11 ոստիկան և 1 պատգամավոր։ Այս մասին հաղորդում է BBC-ին՝ հղում կատարելով Աջարիայի առողջապահության նախարարությանը։

Բնակիչների ինքնաբուխ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված վարչական տուգանքների աճը։ Անկարգությունները սկիզբ են առել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են տուգանել երկու վարորդների, որոնք, պնդելով, թե խախտում չեն կատարել, կտրականապես հրաժարվել են վճարել տուգանքը։

Վարորդներին աջակցել են տեղի բնակիչները, ինչից հետո նրանց և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար 6 մարդ է ձերբակալվել։

Այս միջադեպից հետո քաղաքի մյուս մասում՝ Աջարիայի ներքին գործերի գլխավոր վարչության շենքի մոտ շուրջ հազար քաղաքացի է հավաքվել, ովքեր, BBC-ի փոխանցմամբ, պահանջում էին Աջարիայի բարձրաստիճան ոստիկաններից մեկի հրաժարականը։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել քաղաքացիներին և ոստիկանությանը հանգստություն պահպանել և թույլ չտալ, որպեսզի իրավիճակն էլ ավելի սրվի։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ ձերբակալված 6 քաղաքացիները ազատ են արձակվել, սակայն բոլորն էլ վարչական պատասխանատվության կենթարկվեն։

Ռուսթավի-2 հեռուստաընկերության կադրերում երևում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները քարեր նետում ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շրջում են դրանք, վառում են ծառերը։ Հատուկ նշանակության ուժերը, ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG