Մատչելիության հղումներ

Հոլանդիան շատ բարձր գին կվճարի իր քաղաքականության համար․ Էրդողան


Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահն այսօր սպառնացել է ամենակոշտ ձևով արձագանքել Նիդերլանդների իշխանություններին, որոնք երեկ թույլ չտվեցին թուրք նախարարներին հանրահավաք անցկացնել Ռոտերդամում՝ էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին:

«Ֆաշիզմը մինչ օրս լայն տարածում ունի եվրոպական երկրներում», -այսօր Ստամբուլում կրկնել է Էրդողանը՝ զգուշացնելով՝ Հոլանդիան շատ բարձր գին կվճարի իր այս քաղաքականության համար:

«Նրանք պետք է սովորեն՝ ինչ է նշանակում դիվանագիտություն, այն, ինչ տեղի ունեցավ, չի կարող մնալ անպատասխան»:

Նիդերլանդների կառավարությունը երեկ նախ վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին, ապա երկրից վտարել էր Թուրքիայի Ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Կայանին, ով մտադիր էր Ռոտերդամում հանրահավաք անցկացնել:

«Նրանք պետք է պատասխան տան իմ երկրի քաղաքացիների, իմ արտգործնախարարի հանդեպ այդ լկտի քայլերի համար: Արևմուտքը հստակ ցույց տվեց իր իրական դեմքը», - հայտարարել Էրդողանը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ է պատրաստվում առաջիկայում մեկնել եվրոպական երկրներ:

Նիդերլանդների վարչապետն ի պատասխան այսօր հայտարարել է, թե ամեն ինչ կանի թուրք-հոլանդական այս աննախադեպ լարվածությունը մեղմելու համար, միաժամանակ ընդգծել, որ «Անկարայից ներողություն խնդրելու մասին խոսք անգամ չի կարող լինել»:

«Այդ մարդիկ մեզ մեղադրում են ֆաշիստական ու նացիստական քաղաքականություն վարելու մեջ, մե՞նք պետք է ներողություն խնդրենք», - տարակուսել է Մարկ Ռյուտտեն: Երեկվա միջադեպից հետո ՝այսօր առավոտյան, Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության մոտ հարյուրավոր թուրքեր բողոքի ցույց են անցկացրել, որը վերածվել է անկարգությունների:

Ոստիկանությունը ստիպված է եղել շներ և ջրցան մեքենա կիրառել, կան ձերբակալվածներ:

Ցույցեր են տեղի ունեցել նաև Անկարայում Հոլանդիայի դեսպանատան և Ստամբուլում հոլանդական հյուպատոսարանի մոտ: Ցուցարարները ձվեր և քարեր են նետել շենքերի ուղղությամբ: Ավելի վաղ Գերմանիան և Շվեյցարիան էին արգելել թուրք պաշտոնյաներին իրենց երկրներում քարոզարշավ իրականացնել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օգտին, որի նպատակն է, ըստ փորձագետների, երկարաձգել ու ամրապնդել Ռեջեփ Էրդողանի իշխանավարումը:

Նիդերլանդներում շուրջ 400 հազար, Գերմանիայում՝ շուրջ 1.4 միլիոն թուրք է ապրում, ովքեր Թուրքիայում ընտրելու իրավունք ունեն: Թուրքիայի ու Եվրամիության հարաբերությունները լարվեցին վերջին մի քանի ամիսներին, այն բանից հետո, երբ Եվրամիության երկրները Էրդողանին քննադատության ենթարկեցին հուլիսին հեղաշրջման փորձից հետո իր ընդդիմախոսներին զանգվածային բռնությունների ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG