Մատչելիության հղումներ

Փախստականների հայցերով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման համար «անհրաժեշտ է լարվածության թուլացում»


Հայկական կողմն այսօր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում անցկացված քննարկման ժամանակ պնդել է, թե չի կարող ստանձնել Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարումը, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ իրական հնարավորություններ։

«Այս պահի դրությամբ մենք չենք կարող խոսել վճիռների կատարման մասին», - ասաց Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ շարունակելով․ - «Մենք կարող ենք խոսել այն պայմանների մասին, որոնց առկայության դեպքում մենք պատրաստ ենք քննարկել վճիռների կատարման հնարավորության հարցը»:

Խոսքը 2015-ին Եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճռի մասին է։ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ Մինաս Սարգսյանը Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցում պնդել էր, որ 1992-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է գյուղում գտնվող իր երկհարկանի տունն ու դարձել փախստական։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել էր Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, ինչպես նաև Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

Հարցի շուրջ իր դիրքորոշումն է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը․ - «Ցանկացած վճիռ, ցանկացած փախստականի կամ ցանկացած անձի իրավունքներ, որոնք որ առնչվում են «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործին, դրանք կարող են պաշտպանվել և կարող են վերականգնվել, կարող են փոխհատուցվել միայն Արցախի Հանրապետություն տարածքում: Սակայն այս պահին Ադրբեջանի Հանրապետության մեղքով ստեղծված իրավիճակում դրա մասին խոսելը դեռևս վաղ է: Ես ներկայացրեցի այն մի քանի նախապայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ընդհանրապես սկսվի որևէ հարցով փոխհատուցման կամ որևէ այլ մեխանիզմ ստեղծելու մասին խոսակցությունը»:

Բաբայանը թվարկել է հայկական կողմի պայմանները․ - «Որպեսզի կարողանանք որևէ վճռի կատարման մասին խոսել, նախ անհրաժեշտ է ապահովել անվտանգության մեխանիզմների ներդրումը Արցախի Հանրապետությունում, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, և ընդհանրապես լարվածության ընդհանուր թուլացում: Որովհետև այս պատերազմական պայմաններում, երբ ամեն օր սահմանում զինվոր է զոհվում, խոսել վճռի արդյունավետ կատարման մասին, կարծում ենք, անհնարին է»:

Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ, Ադրբեջանի ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդի ամբիոնից անդրադարձել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի կատարմանը․ - «Չի հրաժարվում: Ինքը ուղղակի հայտնում է, որ չունի մեխանիզմներ այդ երկրում, այդ տարածքում իր իրավազորությունները իրականացնելու համար: Ոչ միայն չի հրաժարվում, այլև Ադրբեջանը ներկայացրեց գործողությունների ծրագիր, թե ինքը ինչպես է պատրաստվում կատարել վճիռը»:

Մինչ Եվրոպայի խորհուրդը փորձում է ելք գտնել՝ նպաստելու թղթի վրա մնացած վճռիների կյանքի կոչմանը, Մինաս Սարգսյանի ժառանգները շարունակում են հավատալ, որ մի օր կկարողանան հետ վերադառնալ հարազատ Գյուլիստան։

Եվրոպական դատարանում Ադրբեջանին հաղթած Մինաս Սարգսյանը մինչև որոշումն է մահացել։ Որդին՝ Վլադիմիր Սարգսյանը հոր նման մեկ երազանք ունի․ - «Մեր երազանքը նա ա, որ բոլոր փախստականները Շահումյանի հետ գնան իրանց տարածքը»:

60-ամյա Վլադիմիր Սարգսյանը հայրենի Գյուլիստանի կյանքը հիշեցնող նկարները հատուկ խնամքով է պահում․ ամեն մեկն իր պատմությունն ունի: Ամենաթանկը, թերևս, հոր կառուցած տան հին լուսանկարն է․ - «Տան մեջ ապրող չկա, տունը քանդված վիճակում ա․․․ Անտառ ա դառել Գյուլիստանը»:

«Հայրս կարոտը սրտում մահացավ», - հուզված ասում է Վլադիմիր Սարգսյանը: - «Վերջին երազանքը․․․ Կոմայի մեջ էր, հետո ինքը իրան սկսել խոսալը․ ասում ա՝ ինչի՞ եք խանգարում, չե՞ք տեսնում հորս հետ եմ խոսում, գնում ենք գյուղը»:

Վլադիմիր Սարգսյանը հավատում է, որ մի օր հետ կգնա Գյուլիստան, կգտնի հայրական տունն ու կայցելի նախնիների գերեզման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG