Մատչելիության հղումներ

ՔԿ-ում ստեղծված խումբը կհամակարգի ընտրախախտումների մասին հաղորդումների օպերատիվ քննարկումը


Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ առաջիկա ընտրությունների ընթացքում (նաև՝ քվեարկության օրը) քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու և քննության իրականացումը համակարգելու նպատակով։

«Փետրվարի 24-ի թիվ 28 Լ հրամանով ՀՀ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

- արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումն առավել փորձառու քննիչների ներգրավմամբ։

- նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

- ապրիլի 2-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100 տոկոսի ներգրավմամբ՝ միաժամանակ, քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Ազգային ժողովի հերթական ընտրություններին։

Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թ. Պետրոսյանը։ Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ նախագահի խորհրդականին՝ ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքներով Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG