Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման. Օլանդ


Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերին, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

«Հայ-ֆրանսիական բարեկամությունը չի սկսվել Հայաստանի անկախությունից. մեր ժողովուրդները միմյանց ճանաչելու և սերտորեն համագործակցելու առիթ են ունեցել վաղ միջնադարից», - մասնավորապես, իր բաժակաճառի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Ինձ համար մշտապես մեծ պատիվ ու հաճույք է Ձեզ հետ աշխատելը՝ հանուն այս բարեկամության, ինչը մշտապես ուղղորդում ու զորացնում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջպետական հարաբերությունները։ Արդյունքը համագործակցության աննախադեպ ընդգրկուն օրակարգն է՝ քաղաքականից ու տնտեսականից մինչև հումանիտար ու երկարաժամկետ զարգացման ծրագրեր։ Վստահ եմ, որ սա ամենևին սահմանագիծ չէ. բարեկամության բազմաթիվ դրսևորումները մեր համատեղ ջանքերով դեռ պիտի հավելենք նորերով։ Ինչպես դուք եք ասել՝ ժամանակն ու զբաղեցրած պաշտոնը չեն ձևավորում մեր համոզմունքները»։

«Քառորդ դար աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցել ենք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկել ու խտացրել այն կապերը, որ ժառանգել ենք պատմությունից՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաև ապագային միտված բնույթ։ Ֆրանսիան Հայաստանի անկախության վերականգնման հենց առաջին պահից կանգնեց մեր երիտասարդ պետության կողքին և այդ օրից անվերապահ աջակցում է մեր երկրի պետականաշինության առաջընթացին՝ լինելով նաև հուսալի գործընկեր եվրոպական և միջազգային հարթակներում։ Նման բարեկամության ունակ է միայն այնպիսի պետությունը, որն առաջին հերթին հզոր է իր քննություն բռնած գաղափարներով, օրինակելի փորձով ու սեփական ձեռքբերումներով կիսվելու պատրաստակամությամբ։ Սա է մեզ համար ֆրանսիական ոգու յուրահատկությունը», - ասել է ՀՀ նախագահը։

Որքան Ֆրանսիան է Հայաստանի կողքին, նույնքան էլ Հայաստանն է սրտացավ Ֆրանսիայի համար, ասել է Սերժ Սարգսյանը։

«Հայաստանում մեծ ցավ ապրեցինք, երբ ահաբեկչության ահասարսուռ հարվածը հասավ Փարիզ, Նիս ու Ֆրանսիայի այլ վայրեր՝ խաթարելով անմեղ մարդկանց, ողջ ֆրանսիական ժողովրդի բնականոն կյանքի ընթացքը։ Եղածը չես փոխի, բայց օրինակելի է այն տոկունությունը, որով Ֆրանսիայի իշխանություններն ու ժողովուրդը դիմակայեցին այդ սարսափելի փորձությանը։ Օրինակելի է նաև Ֆրանսիայի և անձամբ Ձեր, պարո՛ն Նախագահ, մոտեցումը հայ ժողովրդի վերապրած մեծագույն փորձության աներկբա դատապարտման հարցին։ Ճշմարիտ է ասված՝ չես իմանա, թե որտեղից սփոփանք ու հույս կգա: Երբ ցեղասպանություն վերապրած հայը ոտք դրեց այս հեռավոր երկիր, ֆրանսիացի մեծ ժողովրդի շնորհիվ գտավ իր սփոփանքն ու հույսը։ Նա նորից տուն կառուցեց ու նորից արարեց։ Իզուր չէ, որ Ֆրանսիայի հայկական համայնքն աշխարհին ճանաչելի է ինտեգրվածության իր բարձր մակարդակով և միաժամանակ սեփական արմատներին, ազգային հարուստ մշակույթին ու ավանդույթներին հավատարիմ մնալու վառ օրինակով։ Այ սերևույթը լավագույնս բանաձևել է մեր մեծանուն երգահան Շարլ Ազնավուրը՝ ասելով. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով՝ հայ»: Սա մեզ համար մեծ հպարտության աղբյուր է նաև զգացական առումով», - ասել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի նպատակը խաղաղությունն է։ «Չծանրաբեռնելով ձեզ ղարաբաղյան հիմնախնդրի մանրամասներով՝ կուզեի ասել միայն, որ մեր նպատակը խաղաղությունն է։ Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը», - ասել է ՀՀ նախագահը։

Ֆրաննսուա Օլանդն իր հերթին ասել է. - «Մենք տոնում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր ընդհանուր պատմությունը չի սահմանափակվում այս 25 տարիներով: Ֆրանսիայի հայ համայնքն աշխարհի զորեղ համայնքներից մեկն է: Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական այն հայերին, որոնք պաշտպանեցին մեր ազատությունը: Նրանք պայքարեցին մեր հողի վրա այն արժեքների համար, որ մենք կիսում ենք մինչ այսօր: Հաղթանակից հետո նրանք մասնակցեցին վերակառուցմանը, ինչպես դա արել էին Համաշխարհային առաջին պատերազմին: Այսօր նրանք մասնակցում են Ֆրանսիայի հռչակի տարածմանը՝ արվեստի, գիտության, շարժանկարի, մշակույթի, երգի, գրականության, տնտեսության բոլոր բնագավառներում»:

Օլանդը նշել է, որ իր համար պարտականություն և պատիվ էր Երևանում լինել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը: «Մի մեխակ դնելով կրակի մոտ՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետևանքով հայ ժողովրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ: Մենք միշտ պետք է պայքար տանենք թե՛ մոռացության, թե՛ ժխտման դեմ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միայն մեկ հետևանք ունեն՝ այսօրվա կոտորածները դարձնել հնարավոր: Դուք գիտեք իմ հանձնառությունն այս հարցի շուրջ և հօգուտ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող խոսքերն ու գրությունները քրեականացնող օրենսդրությանը: Ես չեմ հիշեցնի այն, ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից ի վեր, երբ քվեարկվեց օրենքը, որով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադրվում են բոլորին, համարեց, որ այդպիսի կարգադրումն անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը: Հենց այս պատճառով է, որ Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների առաջխաղացման և գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի ճանաչվի այս ճշմարտությունը», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ Ֆրանսիան գործում է նաև ապագայի համար:

«Ուզում ենք ձեր կողքին լինել՝ որոշումները հարգելով: Ավելի քան երեք տարի առաջ դուք որոշեցիք անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ես անձնապես պարտավորվեցի, որպեսզի այս անդամակցությունը հարցականի տակ չդնի այն կապերը, որ դուք ցանկանում եք ունենալ Եվրոպայի հետ և կարողանաք Եվրամիության հետ ստորագրել մի նոր շրջանակային համաձայնագիր: Ապագան միշտ կառուցելու համար է: Ֆրանսիան ուզում է մնալ արևմտյան ներդրողների առաջին շարքերում: Շատ լավ գիտեմ Ձեր ջանքերը ձեր երկրի տնտեսական գրավչությունը բարելավելու համար: Մեր ձեռնարկությունները դա լավ հասկացել են, և Ֆրանսիան ներկա է գյուղատնտեսական մթերքների վերամշակման, հեռահաղորդակցության, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում: Ֆրանսիական զարգացման գործակալությունն արդեն ֆինանսավորում է բնակարանային շինարարության ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ենթակառույցներ և, հատկապես, ոռոգման համակարգը: Դա նաև ապակենտրոնացված համագործակցության ձգտում է, որին մենք աջակցում ենք, և ես ուրախ եմ, որ բազմաթիվ ընտրյալներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի շրջանները, այս նույն ձգտումը կիսում են», - ասել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Հայաստըանի նախագահին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու պատասխանատվությունն ընդունելու համար։

«Կրթության ոլորտում 15 տարուց ի վեր Հայաստանում Ֆրանսիական համալսարանը պատրաստում է հազարավոր կատարյալ ֆրանսախոս երիտասարդների: Առիթից օգտվում եմ Ձեզ շնորհավորելու, պարո՛ն Նախագահ, ընդունելու համար Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու պատասխանատվությունը: Ֆրանսիան պատրաստ է ձեզ օգնելու այս կարևորագույն իրադարձությանը պատրաստվելու:
Խաղաղ և ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում: Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են», - ասել է Օլանդը՝ շարունակելով. - «Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու: Բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է»:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան, ինչպես Օլանդն է ասել, անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: «Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ շարունակելով. - «Պարո՛ն նախագահ, Ձեր ներկայությունն այստեղ մի նոր նշան է այն խոր և իրական հարաբերության, որ դարերից ի վեր կապում է Ձեր երկիրը և իմ երկիրը: Այս պատմությունը մեզ պատիվ է բերում և պարտավորեցնում է, հիմք է դնում մի բարեկամության, որին ոչինչ չի կարող սասանել: Դա այս բարեկամությունն է, որը Դուք եկել եք տոնելու, և ես այս անսասան բարեկամության համար է, որ հիմա բարձրացնում եմ բաժակս»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG