ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում, այսօր հայտարարել է ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք՝ այս թեմայով քննարկումներ ծավալվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԿԳ նախարարությունը քննարկում անցկացրեց ուսուցիչների հետ՝ նպատակ ունենալով կարծիքներ փոխանակել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի շուրջ:
Մարտի 1-ին նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է․ - «2016թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով լրամշակված ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ որպես ուսումնամեթոդական գրականություն՝ մինչև 2018 թվականը: Ձեռնարկը տպագրվել է և բաժանվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին, այն նախատեսված է կրտսեր և միջին դպրոցում դասավանդող ուսուցիչների և դասղեկների համար»:
ԿԳՆ խոսնակն այսօր կրկին պարզաբանել է․ - «Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով»: