Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահական ընտրությունները նշանակվել են ապրիլի 2-ին


Ալեքսանդր Վուչիչ, Սերբիայի վարչապետ
Ալեքսանդր Վուչիչ, Սերբիայի վարչապետ

Ապրիլի 2-ին Սերբիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն, որոնցում հաղթելու հավանական թեկնածուն է համարվում գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

Քվեարկության օրը ապրիլի 2-ին նշանակելու մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչը: Եթե առաջին փուլում որևէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, ապրիլի 16-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:

Ընդդիմադիր թեկնածուներից ո՛չ ծայրահեղ ազգայնական Վոյիսլավ Սեսեյը, ո՛չ Սերբիայի մարդու իրավունքների պաշտպան Սաշա Յանկովիչը լուրջ սպառնալիք չեն ներկայացնում իշխանական թեկնածուի համար:

Սերբիայի սահմանադրությամբ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի, և շատերի կարծիքով, գործող նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը գրեթե ազդեցություն չունի երկրի ներքաղաքական կյանքում: Ընտրվելու դեպքում 46-ամյա Վուչիչը, ով մասնագիտությամբ իրավաբան է և մեծ ժողովրդականություն է վայելում ընտրողների շրջանում, կարող է փորձել բարձրացնել նախագահի ինստիտուտի ազդեցությունը:

Իր վարչապետության շրջանում Վուչիչին հաջողվել է հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի հետ հարաբերություններում, սակայն նա համարվում է Եվրոպական արժեքների ջատագով և Եվրամիության առաջնորդները Վուչիչին վստահելի գործընկեր են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG