Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Եթե Ադրբեջանը իրավիճակը հասցնի պատերազմականի, կկիրառենք մեր զինանոցի բոլոր հնարավորությունները


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Երևանում անցկացվում է Հայաստանի արտգործնախարարության ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի երևանյան նիստը:

Նիստը երեկ ծրագրային ելույթով բացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաև պատասխանել է դեսպանահավաքի մասնակիցների բազմաթիվ հարցերի:

Նախագահը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջև, տվել համապատասխան ցուցումներ:

«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն: Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, և արտոնություններն էլ սահմանվում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր և ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և տնտեսական համակարգ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նա խոսել է նաև դիվանագիտական աշխատանքի նրբությունների մասին՝ նշելով, որ այդ աշխատանքը հաճախ իրականացվում է փակ դռների հետևում, սակայն անգամ ամենագաղտնի բանակցություններն ունենում են հրապարակային դրսևորումներ, արդյունքներ և հետևանքներ: «Պահպանելով այս աշխատանքի բնույթից բխող գաղտնապահությունը՝ Հայաստանի դիվանագիտությունը միևնույն ժամանակ պետք է լինի ըմբռնելի մեր հասարակության համար: Ձեռնարկվող գործողությունների տրամաբանությունն անհրաժեշտ է հետևողականորեն ներկայացնել հանրությանը՝ առանց երկնչելու հնարավոր քննադատությունից: Ձեր խոսքը, ձեր ուղերձը պետք է լինի վստահ, պետք է լինի հասկանալի և այդպիսով վստահություն կներշնչի նաև հանրությանը», - շեշտել է նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրներին ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելուն, Սերժ Սարգսյանը հայտարարել է․ - «Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»:

Դեսպանահավաքի երկրորդ նիստին ելույթով է հանդես եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումները, փոխանցում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Դիվանագետի օրվա կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գերատեսչական պարգևներ է հանձնել ԱԳՆ մի խումբ աշխատակիցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG