Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը այցելել է ՀՀԿ կենտրոնական շտաբ


Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը:

Հանրապետական կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը և Ռուբեն Թադևոսյանը:

«Հանրապետականը խիստ կարևորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամաարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը և արդարությունը», - նշել է Արմեն Աշոտյանը: - «Որպես իշխանական ուժ, մենք արժևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև ընտրական գործընթացների որակը: Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է և պետականության ներուժը ապահովող կարևորագույն գործոններից մեկը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ և հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ», - ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը:

«Ուրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում», - իր խոսքում ասել է դեսպան Միլսը: - «Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի և ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համարառանցքային են: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետևում են ընտրությունների անցկացմանը՝ այն ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, և այն ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. Հայաստանում ժողովուրդն արժանի է դրան», - հավելել է դեսպանը:

Կողմերը քննարկել են գալիք ընտրություններին նախապատրաստան ընթացքը, քարոզարշավի կազմակերպման առանձնահատկությունները, մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG