Մատչելիության հղումներ

Լեռնանիստում հայտնաբերվել է գազի մեծ արտահոսք ստորգետնյա գազատար խողովակներից


Լեռնանիստում փետրվարի 14-ին փլուզված շինությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ պարզելու փետրվարի 14-ին մարզի Լեռնանիստ գյուղում երկու անձի մահվան պատճառ դարձած փլուզման պատճառները։

Քրեական գործի նախաքննության շրջանակում, փլուզված շինության հարակից տարածքում երեկ «Գազպրոմ» ՀԲԸ «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ կատարվել է տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք:

«Նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաև` գյուղի միջնակարգ դպրոցը։ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարությամբ` գյուղի դպրոցի աշակերտները ու ուսուցչակազմը տարհանվել են։ Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար գրություն է ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև` լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ 02.03.2017թ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով», - ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Փետրվարի 14-ին, հիշեցնենք, փլուզվել են Լեռնանիստի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել, ևս երեք հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG