Մատչելիության հղումներ

Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումը


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումը, հաղորդում է ՔԿ-ն։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել Զ. Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ, հափշտակել կանխիկ գումար, հեռախոսներ, այլ առարկաներ, անձնագիր և դիմել փախուստի։ Բռնության հետևանքով սեփականատիրոջը պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը և ընկերուհին ճանաչվել են տուժող։ Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցագործություն կատարած անձինք բնակարան են մուտք գործել սեփականատիրոջ ծանոթուհուն տեսակցելու պատրվակով, պարզվել է նրանց ինքնությունը։

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG