Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժել է «Ժառանգության» Կապանի կառույցի անդամների դիմումը


«Ժառանգության» Կապանի կազմակերպության անդամ Աննա Հակոբյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ՀԸԿ) մերժեց «Ժառանգության» պատգամավորության թեկնածուներին չգրանցելու՝ Կապանի կառույցի անդամների և համակիրների դիմումը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց․ - «Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշման իրավաչափությունը որոշելու հարցը չի հանդիսանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության առարկա»:

Դիմումատուների կարծիքով, գալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում կայացրած կուսակցության գործունեության ժամկետն ավարտվել է, ուստի «Ժառանգությունը» լեգիտիմ չէ:

«Ժառանգության» կանոնադրության համաձայն, կուսակցության վարչությունն ընտրում է համագումարը, իսկ հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ: «Ժառանգությունը», ըստ ԿԸՀ դիմում ներկայացրածների, համագուրամար է անցկացրել 2014 թվականի հունիսի 28-ին:

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունը հարուցել էր «Ժառանգության» որոշ անդամների վրդովմունքը: Այդ պատճառով կուսակցությունը լքեց նաև ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանը:

Այսօրվա քննարկմանը մասնակցում էր «Ժառանգության» Կապանի կառույցի պատասխանատուներից Աննա Հակոբյանը:

«Մենք շատ լավ հիշեւմ ենք, թե ինչպես մեր առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, ընդունել է, որ Սեյրան Օհանյանը հանցագործ է, որ այսինչ նախարարը էսինչ հարցում խնդիրներ է ստեղծել, ազգադավ գործունեություն ունեն․․․ Եվ հիմա ո՞նց է ստացվել, որ այդ դաշինքը ձևավորվեց: Ու մեր ժողովուրդը՝ մեր կառույցի անդամները և ակտիվը, եկավ այն եզրակացության, որ մենք պետք է այդ գրությունն ուղարկենք․․․ Պետք է առանձին գնայինք [ընտրություններ]», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պնդեց․ - «Որևէ պատճառ չեմ տեսնում, որպեսզի «Ժառանգության» որոշումը չեղյալ հայտարարվի, որովհետև դա խորհրդի որոշումն է: Համագումարի հետ սա բացարձակ կապ չունի, որովհետև, կուսակցության կանոնադրության համաձայն, խորհուրդը իրավազոր է ընդունել նմանատիպ որոշում, ինչպիսին է ընտրություններին մասնակցելը: Ե՛վ ցուցակի հետ կապված, և՛ անված հետ կապված, և՛ մասնակցության ձևաչափի հետ կապված»:

Աննա Հակոբյանի կարծիքով, ընտրություններին դաշինքով մասնակցելու սխալ որոշման արդյունքները «Ժառանգությունն» ընտրությունների արդյունքներով կզգա՝ քիչ ձայներ կստանա:

Ավելի վաղ նա «Ազատությանը» տեղեկացրել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի աշխատելու ընդդիմադիր կուսակցության օգտին․ - «Ես կցանկանայի, որ իրականում էն, ինչ որ «Ժառանգությունն» ինքն իրենից ներկայացրել է, էդ ձևով հենց մնար, էդ ձևաչափի մեջ: Հաստատ եմ ասում՝ ավելի մեծ արդյունքներ կունենա, քան էս դաշինքի մեջ: Կոնկրետ իմ տարածքում արդեն գիտեմ, թե ինչպիսին կլինի պատկերը․․․ Որովհետև ժողովուրդը մոտենում են ու հարցնում են՝ բայց ինչո՞ւ, Ինչո՞ւ եք դուք էլ մեզ խաբել, ինչո՞ւ էսպես էղավ»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա որոշումից գոհ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ներկուսակցական տարաձայնությունները չեն ազդի «Ժառանգության» վարկանիշի վրա․ - «Իրականության մեջ՝ պետք է բարձրացնի․․․ Որ այնքան ժողովրդավարական կուսակցություն է, որ հերիք չէ մամուլով է քննարկում, մի հատ էլ որոշումը գալիս է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով․․․»

XS
SM
MD
LG