Մատչելիության հղումներ

«Ժառանգության» մի խումբ անդամներ և համակիրներ պահանջում են չգրանցել կուսակցության պատգամավորության թեկնածուներին


Արխիվ -- «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, Երևան, 19-ը նոյեմբերի, 2016թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ստացել «Ժառանգություն» կուսակցության անդամների և համակիրների նամակը: Դիմում-բողոքը ստորագրած Կապանի կառույցի պատասխանատուներից Աննա Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անցած շաբաթ օրը ուղարկած նամակով հանձնաժողովից պահանջել են չգրանցել «Ժառանգության» պատգամավորության թեկնածուներին:

Դիմումում նշվում է, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում կայացրած վարչության գործունեության ժամկետն ավարտվել է, ուստի այն լեգիտիմ չէ: «Ժառանգության» կանոնադրության համաձայն, կուսակցության վարչությունն ընտրվում է համագումարի ժամանակ, իսկ հերթական համագումարը հրավիրվում է ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ: Ըստ Հակոբյանի, «Ժառանգություն» կուսակցությունը վերջին անգամ համագումար է անցկացրել 2014 թվականի հունիսի 28-ին: Ընտրություններին դաշինքի կազմում մասնակցելուն դեմ «Ժառանգության» համակիր Աննա Հակոբյանն ավելի վաղ հայտարարել էր՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի աշխատի ընդդիմադիր կուսակցության համար:

«Սա և՛ իմ անձնական կարծիքն է, և՛ ընդհանրապես՝ ըստ օրենքի: Եթե չկա երկու տարի այդ համագումարը, ուրեմն տվյալ վարչությունը իրավունք չունի ինչ-որ որոշում կայացնելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հակոբյանը: - «Գուցե մենք համագումարը ունենայինք ու ավելի լիարժեք վարչություն ունենայինք: Կամ, եթե իրենց լիազորությունները դադարեցված է, դա ոչ լեգիտիմ է, ինչո՞ւ պետք է իրենք որոշում կայացնեն մեր փոխարեն», - հավելեց նա:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մամուլից է տեղեկացել «Ժառանգության» անդամների և համակիրների բողոքի մասին: «Ժառանգության» հերթական համագումարը հրավիրվել է ապրիլին, ընտրություններից հետո: Արմեն Մարտիրոսյանը պնդեց՝ կուսակցության կանոնադրության խախտում թույլ չեն տվել: «Ինչ-որ անստորագիր նամակ կա՝ անդամներ և համակիրներ ձևակերպմամբ: Ես էլ կարծում եմ, որ դա շատ Սերժ Սարգսյանի և Հանրապետականների համակիրների նամակն է, որովհետև ստորագրություն չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

«Ժառանգության» հերթական համագումարը հրավիրվել է ապրիլին, ընտրություններից հետո: Արմեն Մարտիրոսյանը պնդեց՝ կուսակցության կանոնադրության խախտում թույլ չեն տվել: «Որովհետև 3 տարում չի լրացել, դա մեկ: Գումարած դրան՝ խորհրդի նոր անդամներ են ընտրվել, իսկ որոշումն, ըստ էության, կայացրել է խորհուրդը, ոչ թե վարչությունը: Վարչությունն ընդամենը վերջին, այսպես ասեմ՝ շտրիխն է արել, որը խորհրդի պատվիրակման արդյունքում է եղել: Որոշումն, ըստ էության, խորհուրդն է կայացրել, որը վերջերս է ընտրվել, բարեբախտաբար»,- ասաց Մարտիրոսյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ Աննա Հակոբյանն առանձնակի հույսեր չի կապում: - «Ես չեմ գտնում, որ մեր երկրում օրենքը օրինակելի կերպով գործում է, բայց եթե ըստ օրենքի լինի, չպետք է գրանցվի դա: Կամ մի դաշինքը ո՞ւմ է պետք, եթե ամբողջ օրը դառել է մատի փաթաթան կամ բերանի ծամոն ամբողջ համացանցում և ժողովրդի ձեռքին», - մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգության» Կապանի կառույցի պատասխանատուն:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր էլ պաշտպանեց իրենց դաշինքի անդամներից մեկին՝ Սեյրան Օհանյանին․ - «Սխալներ ունեցել է, ես իրեն չեմ սրբացնում: Արդեն իսկ, որ իշխանության մեջ են, դա արդեն սխալ է՝ մնացածը չասած: Բայց կա համեմատության խնդիր, նժարների խնդիր: Նայում ենք, թե պարոն Օհանյանի մոտ դրականը որքան է և բացասականը որքան է, և տեսնում ենք, որ նրա մոտ դրականը շատ մեծ է: Սրանից 3-4 ամիս առաջ ինքը ազգային հերոս էր, Հայաստանի լավագույն կառավարիչներից էր, անձ էր, ով իշխանության ամբողջ դաշտի և ընդդիմության ճնշող մեծամասնության կողմից ընդունվում էր։ Անձ է, ով ունի հետագիծ, ընդ որում՝ դա քաղաքական հետագիծ չէ: Պարոն Օհանյանի հետագիծը բացառապես պրոֆեսիոնալ զինվորականի հետագիծ է»:

XS
SM
MD
LG