Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի պատմական կենտրոնի զարգացման» նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչև 2017 թվականի հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով Հայաստանի մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել դրա մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով հանձնարարվել է ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:
Կոմիտեն կներկայացնի նաև նախագծային աշխատանքների իրականացման ժամանակացույցը: