Մատչելիության հղումներ

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կանցկացվի սահմանադրական հանրաքվե


Ընտրություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Նախագահի ինստիտուտի ամրապնդում

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե: Նախնական տվյալների համաձայն, քվեարկողների թիվը կազմում է ավելի քան 102 հազար: Ստեղծված է 280 ընտրատեղամաս և ընտրական կենտրոններ, այդ թվում՝ Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքում:

Ի տարբերություն Սահմանադրությամբ խորհրդարանական-վարչապետական համակարգ ընտրած Հայաստանի՝ Ղարաբաղում նախագծով ենթադրվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Նախագիծը համաժողովրդական քննարկման է դրվել դեռ անցյալ տարվա գարնանը:

Ենթադրվում է, որ ղարաբաղյան հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնեն հարյուրից ավելի տեղացի դիտորդներ, ինչպես նաև օտարերկրացիներ, որոնց ստույգ թվի կամ քաղաքացիության մասին տեղեկություններ այս պահին չկան:

Ընդդիմությունը դեմ է հանրաքվեին

Լեռնային Ղարաբաղի ոչ մեծաթիվ ընդդիմադիրների համոզմամբ, այդ հանրաքվեի բուն նպատակը գործող նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը վերարտադրելն է, քանի որ հանրաքվե անցկացնելու իրական անհրաժեշտություն չկա: Այդ մասին, մասնավորապես, «Ազատության»-ն ասել է պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Հանրաքվեն Հայաստանի ծրագրած սադրանքն է»

Մինչդեռ, Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները ո՛չ Բաքուն, ո՛չ էլ միջազգային կազմակերպությունները չեն ճանաչի: Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովի պնդմամբ, «Ղարաբաղի հանրաքվեն Հայաստանի ծրագրած սադրանքն է»:

Նա ասել է, թե նույնիսկ արդյունքների չճանաչման դեպքում այդ հանրաքվեն միևնույն է կարող է վնաս հասցնել բանակցային գործընթացին:

«Բնականաբար, Ադրբեջանի ժողովուրդը, միջնորդող կառույցները չեն ճանաչի հանրաքվեն, ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժան մաս», - ասել է Ահմեդովը և կրկնել նախագահ Իլհամ Ալիևի այն պնդումը, թե «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում հայոց երկրորդ պետությունը ստեղծել»:

«Հանրաքվեից հետո Բաքվի գործը կբարդանա»

«Ադրբեջանական կողմի արձագանքը վկայում է ղարաբաղյան կարգավորման հարցում Բաքվի իրական նպատակների մասին, դրանք դեմոկրատական զարգացման հետ որևէ առնչություն չունեն»,- «Նովոստի Արմենիա» գործակալությանն ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա փոխանցմամբ, հանրաքվեից հետո Ադրբեջանի արտգործնախարարության վիճակը կբարդանա, քանի որ հանրաքվեին ներկա կլինեն օտարերկրացի բազմաթիվ դիտորդներ, լրագրողներ և փորձագետներ, «ուստի ադրբեջանցիները ստիպված կլինեն կատարել «սև ցուցակն» ընդարձակելու բարդ և ծավալուն աշխատանքը»:

Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Մյունխենում են

Այսօր Մյունխենում գումարվում է Անվտանգության տարեկան համաժողովը, որին մասնակցում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարարները:

Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովն առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց հաջորդել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։

Հանդիպումներից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG