Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 33-ամյա ծննդկանի մահվան պատճառները:
Ըստ հաղորդագրության, փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ, գրանցվել է նրա մահը։ 33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, բացատրություններ են վերցվել բուժաշխատողներից, տուժողի ամուսնուց։ Նախնական տվյալներով՝ պտուղը ծնվել է պորտալարը պարանոցի երկու անգամյա փաթաթումով, և անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական միջամտություն։ Կնոջ մոտ սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և ձեռնարկվել բուժական միջոցառումներ, հրավիրվել են նեղ մասնագետներ, կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է», - ասված է հաղորդագրությունում։